Search
Close this search box.

«Չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»». Ղուկասյանը՝ իրեն հեռացնելու մասին

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։
Նշենք, որ այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Ըստ Ղուկասյանի՝ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։
«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»»,–ասել է նա։

Ղուկասյանի պնդմամբ՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել կուսակցության կանոնադրությամբ։

«Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, մինիմում 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնեն դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, բերդու՞մ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը»,- նշեց նա։

Ղուկասյանի խոսքով՝ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ Արտակ Գալստյանի հետ են շարունակելո՞ւ, թե՞ Վարդան Ղուկասյանի։
Նա ընդգծել է, որ հունվարի 19–ին պարզ կլինի՝ կուսակցության անդամները մնում են իր, թե Արտակ Գալստյանի հետ։

Please enter a valid URL