Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք․ Փաշինյանը՝ նախարարներին

Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուցումը շատ կոնկրետ բան է նշանակում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստին 2023 թ․-ին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թե չէ, կներեք, կարող են տանել բակում տաղավար դնել, ասել` մենք մասնագիտական ուսուցում ենք տալիս, 50,000-ները բերեք։ Բովանդակությունը մեզ համար շատ կարևոր է։ Եթե ելնենք Ձեր ասածից, ունենք երաշխավորված ծրագրեր մինչև 6 ամիս ժամկետով, բա որոշման մեջ ինչո՞ւ է գրված մինչև 5 ամիս։ Մինչև 5 ամիսը նշանակում է 10 օրից կամ 1 ժամից սկսած մինչև 5 ամիս»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքելով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կան կրթական հատատություններ, որոնք պարտադիր չէ, որ 6 ամիս լինեն։

«Պարո՛ն վարչապետ, մի ճշտում անեմ․ մինչև 6 ամիս, որը չի ներառում 6 ամիսը։ 6 ամսից սկսած կարող է արդեն որակավորում տալ, ծրագիրը կարող է լինել 5 ամիս 20 օր, օրինակ»,- հավելեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հա՛, շատ լավ հասկանում եմ, ինչո՞ւ եք կռիվ անում։ Ասում եմ, եթե մեր ծրագրերը մինչև 6 ամիս են, ինչո՞ւ ենք գրել մինչև 5 ամիս։ Կամ տվեք բացատրություն, որ ես դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք շատ լավ, կդարձնենք 6 ամիս, հիմա ևս 3 ժամ կքննարկենք, շատ պարզ հարց եմ տալիս»,- դիմելով ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, թե ամեն մարդ չի կարող մասնագիտական ուսուցում մատուցել, պետք է հասկանալ՝ ուր են դիմում ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, կարևոր է, որ հաստատությունը լիցենզիա ունենա. «Մենք պետք է տնայնագործական տրամաբանությունը բերենք որոշակի կարգավորումների դաշտում տեղավորենք, որովհետև լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել»,- ասաց նա։

Please enter a valid URL