«Օսկարի» գլխավոր տնօրենի նորաստեղծ պաշտոնում նշանակվել է հայազգի Թենի Մելիդոնյանը։ Այդ մասին հաղորդում է «Hollywood Reporter»-ը։
Թենի Մելիդոնյանին այդ պաշտոնին նշանակել է կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան։
Ինչպես նշել է ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը` նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը։
Նշվում է, որ Մելիդոնյանը կաշխատի «Օսկարի» պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի և ակադեմիայի ղեկավարության, ներառյալ՝ կառավարիչների խորհրդի և նրա հանձնաժողովների հետ, ինչպես նաև կհամակարգի այն թիմերի աշխատանքը, որոնք ներգրավված են «Օսկարի» մրցանակաբաշխության արարողության մշակման և անցկացման, ինչպես նաև այն համաշխարհային լայն լսարանին ներկայացնելու գործում:
Ի դեպ, Քրամերի ղեկավարությամբ 2022 թ. Մելիդոնյանը աշխատել է «Օսկարի» նորաստեղծ ռազմավարական ստորաբաժանումում։
Մելիդոնյանն ակադեմիական իր կարիերան սկսել է 2005 թ.՝ որպես հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար` վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը:
Մինչ ամերիկյան կինոկադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգտոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։