Search
Close this search box.

Ի վերջո, Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվե՞լ է ՏՕՍ 1, թե՞ ոչ. պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով լրատվական կայքերից մեկի հոդվածին, գրել է.

«ՌԴ նախկին քաղաքացին «վերլուծելով» իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները գալիս է էն մտքին, որ դե իհարկե, ամեն ինչում մեղավոր են ջհուդամասոնները»։

Այնուհետև Վահագնը մեջբերել է հոդվածագրի հետևել միտքը.

«Իսրայելական հակատանկային համակարգերը և անօդաչու թռչող զորքերը մեր զորքերին ցավալի կորուստներ հասցրեցին Ապրիլյան պատերազմի ընթացքում»:

Ալեքսանյանը հավելել է.

«Չեմ ժխտի, հասցրեցին, բայց , գրողն ինձ տանի, թե էդ ցավալի կորուստներից ինչ որ մեկը ճիշտ էնքան ցավոտ էր, ինչքան TOC1 բուռատինոյի կրակահերթից հետո երկնքից թափվող կրակը մեր տղերքի վրա, ՏՈՍ-ն էլ դե ոնց հասկացաք՝ մատակարարել էր հոդվածագրի հայրենիքը՝ Ռուսաստանի Դաշնությունը»:

Ինչպես ասում են, խոսքից խոսք է բացվում և ֆեյսբուքյան ստատուսի մեկնաբանություններում որոշում է գրառում կատարել նաև բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ մասնավորապես ասելով. «Վահագն, հոդվածի մեջ չխորանալով ուղղակի ասեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ТОС-1 չի կիրառվել առհասարակ»:

Մի կողմ թողնելով ստատուսի բոլոր մյուս մեկնաբանությունները, փաստենք.

razm.info-ում 2017 թվականի ապրիլի 2-ին հրապարակված «Ապրիլյան պատերազմի ժամանակագրությունը» հոդվածում մանրամասն ներկայացված է, թե ինչ է կատարվել Ապրիլյան պատերազմի օրերին, ինչ զինատեսակներ են կիրառվել:

Մասնավորապես նշվում է, որ ապրիլի 4-ի կեսօրին ԼՂ ՊԲ-ն հայտնում է, որ 11:20-ի շրջակայքում հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինուժն առաջին անգամ կիրառել է ՏՕՍ-1Ա ծանր հրանետ:

Նույնը փաստել է նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում ֆեյսբուքյան էջը դարձել էր պատերազմական իրավիճակից տեղյակ լինելու պաշտոնական աղբյուրներից մեկը, համենայն դեպս նման կոչով հանդես էին գալիս ՊՆ պաշտոնյաները՝ հորդորելով հետևել բացառապես այս էջերում տեղադրվող տեղեկատվությանը:

Նշենք նաև, որ ՏՕՍ 1-ի կիրառման մասին գրել են նաև ադրբեջանական աղբյուրները:

«Հայաստան 24»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր շատ դժվար է ասել՝ արդյոք Ապրիլյան պատերազմի տարիներին կիրառվե՞լ է ՏՕՍ 1 հրանետ, թե՞ ոչ:

«Մեր նախնական տեղեկություններով՝ կիրառվել է, բայց հետագայում ավելի դժվար է փաստական հաստատել՝ ՏՕՍ 1 է, թե՞ Սմերչ է: Իրականում պայթյունից հետո բավականին դժվար է հաստատել իրենց, քանի որ արձակման փուլում իրենք նման են ֆիքսվում. բոլորը համազարկային կայաններ են: Հեռվից հետախուզական միջոցը ֆիքսում է իրեն, բայց ինդենտիֆիկացնելը նմանեցնում է իրար, իրանք շատ նման են իրար: Դժվար է ասել՝ դա եղել է ՏՕՍ 1, թե ուղղակի տեռմոպարիկ արկը տռապի վրա դրած կրակել են: Հստակ ապացույցներ տալը դժվար է: Մի ամբողջ մասնագիտական քննություն, հանձնաժողով պետք է արվի»:

Հետաքրքիր է՝ ի վերջո Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվե՞լ է ՏՕՍ 1, թե՞ ոչ:

Please enter a valid URL