Search
Close this search box.

Այսօր Լևոն Տեր–Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ծննդյան օրն է․ լրացավ նրա 79-ամյակը։

Ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան:

1968-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիական ֆակուլտետի արևելագիտության բաժինը: 1971-ին ավարտել է Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987-ին՝ դոկտորական թեզ:

Տեր–Պետրոսյանը 1972—78 թթ. աշխատել է Հայաստանի Ա.Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող: 1978-85 թթ. վարել է Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտոնը: 1985-ից աշխատում է նույն հաստատությունում, որպես ավագ գիտաշխատող:

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում:

1988 թ. դեկտեմբերի 10-ից 1989 թ. մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին բանտարկված է եղել:

1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետև՝ նախագահ:

1989-ի օգոստոսի 27-ին ընտրվել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի մայիսի 20-ին կրկին ընտրվել է հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990թ․ օգոստոսի 4-ին Տեր–Պետրոսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ:

1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Այս պաշտոնում վերընտրվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին:

Առաջին նախագահը 1998թ. փետրվարին հրաժարական է տվել՝ ներպալատական հեղաշրջման հետևանքով:

Շուրջ տասնամյա լռությունից հետո Տեր–Պետրոսյանը 2007թ․ վերադարձավ ակտիվ քաղաքականություն՝ մասնակցելով 2008թ․ նախագահի ընտրություններին և գլխավորելով ընդդիմադիր շարժումը։ 2008 թ. փետրվարի 19-ի ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։

Ընտրություններին հետևեցին շուրջօրյա բազմամարդ հանրահավաքներ ու երթեր, որոնք իշխանությունը դադարեցրեց բռնաճնշումներով՝ մարտի 1–ի առավոտյան ցուցարարներ վրա հարձակվելով, իսկ այնուհետև երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարելով 10 քաղաքացու, ձերբակալելով Տեր–Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցների։

Տեր–Պետրոսյանը 2012թ․ գլխավորել է ընդդիմադիր Հայ Ազգայի Կոնգրես դաշինքի ցուցակը, և ՀԱԿ–ը 7 տոկոս ստանալով՝ խորհրդարանական խմբակցություն ունեցավ։

Տեր–Պետրոսյանը 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ:

Նա գլխավորել է ՀԱԿ համամասնական ցուցակը նաև 2017 և 2021թ․ ԱԺ ընտրություններում։

Please enter a valid URL