Search
Close this search box.

Մարտի 1-ի գործով նաև Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչելու հարց է առաջանում

«2008 թ-ի Մարտի մեկը չբացահայտելը մեզ վրա շատ թանկ է նստում, մինչև այդ գործին չտան շատ լուրջ ընթացք, և մենք չստանանք պատասխաններ, չդնենք վերջակետ, մենք մեր մեջ կրելու ենք հետընթացի կորիզ, չենք զարգանալու, դա պիտի բացահայտվի»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ մինչ այսօր պատասխան չկա, թե ով է գրավոր ցուցում տվել այդ օրը քաղաքացիների ուղղությամբ որևէ գործողություն սկսելու համար։ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ ոտնահարվել են թե՛ օրենքի, թե՛ իրավունքի նորմերը։ Ըստ նրա՝ չնայած նրան, որ այդ ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանն է եղել երկրի նախագահ, բայց այն, որ գործը այդ տարիների ընթացքում չի բացահայտվում, նշանակում է, որ բեռը նաև Սերժ Սարգսյանի ուսերին է, պատասխանտվության կանչելու հարց է առաջանում նաև գործող նախագահի հետ կապված։

«Ես միշտ ասել եմ՝ իշխանությունը ինքը պիտի շատ մեծ վտանգ զգա, եթե մարդասպանները ազատության մեջ են։ Այսօր այդ մարդասպանները կարող են հլու-հնազանդ լինել մի քաղաքական ուժի, վաղը կարող են չլինել այդպես հլու-հնազանդ, դա քրեական հանցագործություն է, երբ այն քաղաքականացվում է, վտանգն արդեն սպառնում է բոլորին՝ կարող է ոչ հավասար, ոչ նույն ժամանակ, բայց հստակեցնենք, որ մարդասպաններն ազատության մեջ են, կամ չեն պատժվել հրապարակայնորեն»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը։

Please enter a valid URL