Search
Close this search box.

ՀՀ կառավարությունը պատրաստվում է լքել Երևանը

Տարվա առաջին և առայժմ ամենաթույն նորությունը լսե՞լ եք: Դե չէ, ի՞նչ Նիկոլ, ի՞նչ կախիչ, ի՞նչ ցնցուղ, ի՞նչ մարզպետ… Սա լրիվ ուրիշ կարգի նորություն է: Նույնիսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե քաղաքային տրանսպորտում այսուհետ կլինեն կրակմարիչներ և վարորդները կսովորեն դրանցից օգտվել, իր այժմեականությամբ չի կարող մրցել այս նորության հետ, որի մասին ուզում եմ խոսել: Բայց նախ՝ բռնվեք, որ չընկնեք…

Եվ այսպես՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է լքել Երևանը: Այո, այո, հանձնել կառավարական շենք-շինություններն ու հեռանալ Երևանից: Թե որն է այս սրտաճմլիկ որոշման պատճառը, ես չգիտեմ: Հայտնի չեն նաև ժամկետները, թե երբ դա տեղի կունենա: Ես միայն կարող եմ ասել, որ տարին սկսվում է այդ լավ լուրով, որ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ նախկինում գաղափար կար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից, բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և մի ամբողջ կառավարական թաղամաս կառուցել Երևանից դուրս: «Այսինքն՝ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասել է Մինասյանը։

Կծախե՞ն այդ շենքերը… Ի՞նչ կա որ` հին, անդուր, անհրապույր շենքեր են, դժգույն ու դժբախտ, դրանցում աշխատել չի լինում արդեն: Մինասյանը նաև ասել է, որ նմանատիպ միջազգային փորձ կա և նախատեսվում է, որ հայրենի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի 2024-ին: Մի խոսքով՝ Հայաստանում Նիկոլի օրոք հրաշքներ դեռ հնարավոր են: Հիշենք թեկուզ՝ ինչպես Երևանից հանեցին բուհերն ու ակադեմիան: Էն ոնց էր ասե՞լ, թե բա՝ ագրարայինի ուսանողուհիները բարձրակրունկ կոշիկներով են դասի գնում…

Հետաքրքիր է, թե Երևանից ո՞ր ուղղությամբ կհանեն ՀՀ կառավարությանը: Բուհերը, հիշում եք` ուզում էին տանել դեպի Արագածոտնի մարզ` Աշտարակ, որտեղ ակադեմիական քաղաք պետք է կառուցեին, բայց հետո որոշեցին «Հայֆիլմի» տարածքում հանգրվանել: Հերթը հասել է կառավարությունը Երևանից տանելուն՝ որոշել են մարզերից մեկում կառավարական թաղամաս հիմնել: Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, որ կտանեն Կոտայքի մարզ՝ Աբովյանի կողմերը: Համ մոտ է, համ էլ այդ թաղամասը շատ լավ կնայվի Հատիսի լանջին՝ Հիսուսի ապագա արձանի ստորոտում: Մի քիչ Ծառուկյանը կարող է չեմուչում անել, բայց նրան կհամոզեն: Ժամանակն է Երևանը բեռնաթափել, մայրաքաղաքից վերածել բուլվարային քաղաքի: Դա նաև զարգացման լավ պայմաններ կստեղծի Աբովյանի և Կոտայքի մարզի համար: Պարոն Ծառուկյան, համաձայնեք, խնդրում եմ, դրանով Դուք մեծ լավություն արած կլինեք երևանցիներիս: Վերջապես կազատվենք Նիկոլի ավտոշարասյան աղմուկ-աղաղակից ու խեղդոցից, որ Նիկոլի կառավարությունն է պատճառում մեզ: Մյուս կողմից էլ, պարոն Ծառուկյան, ո՞վ է նայելու Դուք համաձայն եք, թե համաձայն չեք, միևնույն է, եթե մտքներին դրել են Կոտայքի մարզում կառուցել այդ թաղամասը, ուրեմն կկառուցեն: Հնարավոր է նաև կեսճանապարհին հոգնեն, ինչպես ակադեմիական քաղաքի պարագայում եղավ… Ուրեմն էլ ինչո՞ւ վատամարդ դառնաք:

Ակնհայտ է, որ անձամբ ես ողջունում եմ ՀՀ կառավարությունը Երևանից հանելու այս նախագիծը: Թող հանեն, թող տանեն և ինչքան շուտ, այնքան լավ Երևանի և երևանցիների համար: Ինձ որ մնար՝ կասեի ԱԺ-ն էլ տարեք, որ Նիկոլ Փաշինյանն առիթ չունենա պատգամավորների հարցերին պատասխանելու համար շաբաթը մեկ Երևան գալու: Թող մեզ բեռնաթափեն Նիկոլից ու նրա ամեն տեսակ ներկայությունից: Ավելին, ես կառաջարկեի ՀՀ այս կառավարությանը Երևանից ճանապարհել դեմքի լուրջ, ընդհուպ՝ տխուր արտահայտությամբ և… ոտքերն առաջ: Ի՞նչ կլինի, թողեք այդ արարողությունը ես կոորդինացնեմ: Եվ ուրեմն, 6 առողջ տղամարդ նախ 3 անգամ վերցնում ու վայր են դնում ՀՀ կառավարության վերջին փոխադրամիջոցը (դագաղ բառը չեմ սիրում), ապա՝ Կառավարության շենքի սրահով դանդաղ մոտեցնում են փակ դռանը, ոտքերի մասով 3 անգամ հարվածում դռան բռնակներին և, դուռը բացվելուց հետո դուրս բերում հրապարակի գորգի կենտրոն, որտեղ դրված է հանգստի սեղանը: Հրապարակը, հասկանալի է, լիքն է 100 հազարավոր հանդիսականներով: Փողային նվագախմբի դիրիժորը ձեռքերը բարձրացրած՝ սպասում է, որ տեր հայրը մի երկու բան ասի, բայց վերջինս պապանձված լռում է: Դիրիժորի համբերությունը հատնում է ու… Ցը՛ը՛ը՛ըմփ, պա, պա, պա… Սպասեք, սպասեք, վերցնում ենք զգուշությամբ, բարձրացնում ուսերի մակարդակին… Շատ լավ է, իսկ հիմա երեք անգամ պտտում ենք «փոխադրամիջոցը»… Այդպես, շատ լավ է, մեկ, երկու, երեք… ստոպ, այդպես մեկ րոպե դեմքով պահում ենք դեպի ժամացույցը… Պարոն դիրիժոր, ինչո՞ւ լռեցիք, նվագեք, նվագեք՝ ցը՛ը՛ը՛մփ, պա, պա, պա… Շարժվեցինք… Գնում ենք Նալբանդյան փողոցով, Մոսկովյանով ձախ կանենք, Աբովյանով կգնանք մինչև Պլանի գլուխ, կմտնենք Մյասնիկան պողոտա… Պսակները տեղափոխող ֆուռերը գնում են առջևից… Աբովյանից թող ոչ ոք ընդառաջ դուրս չգա թափորին: Հակառակ պարագայում խոստանում եմ՝ ՀՀ կառավարությունը, Կոտայքի մարզ հասնելուն պես, մարզպետին գործից կհանի: Այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ՝ տեսնեմ ինչ եմ անում: Դիրիժոր, դու շարունակիր նվագել՝ ցը՛ը՛ը՛մփ…

Hraparak.am

Please enter a valid URL