ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված կանաչապատ ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կաշառք:
Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: