Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Անդրադարձ է կատարվել նաև այնպիսի հարցերի, ինչպիսին է իրավիճակը Սիրիայում և Իրաքում։
Ինչպես ԱՄՆ պետքարտուղարին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, Անկարան սպասում է ամերիկյան F-16 կործանիչների գնման գործընթացի ավարտին, իսկ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերջնական որոշումը պատկանում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունները։
Ֆիդանը և Բլինկենը մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածի ճգնաժամի շուրջ։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Իսրայելի աճող ագրեսիան վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»։
Նա նշել է Գազայում հրադադարի շուտափույթ հաստատման և Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան առաքման կարևորությունը։
Ֆիդանը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել բանակցությունները՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետություններով լուծելու համար:
Թուրք նախարարն անդրադարձել է նաեւ Ռուսաստանից եւ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքները համաշխարհային շուկաներ տեղափոխելու Թուրքիայի ջանքերին։