ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ B-1 Lancer ռմբակոծիչը, որը նշանակված էր Հարավային Դակոտայում գտնվող Էլսվորթ ռազմաօդային բազայի համար, վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ:
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի՝ ժամը մոտավորապես 17:50-ին՝ բազայում վայրէջք կատարելու փորձի ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ «Վթարի պահին նա ուսումնամարզական առաջադրանք էր կատարում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի չորս անդամ։ Չորսն էլ հաջողությամբ դուրս են նետվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայն օդերևութաբանական ավտոմատ սարքավորումների, որոնք գրանցում են օդակայանի եղանակային պայմանները, վթարի պահին եղել է վատ տեսանելիություն, ցածր ամպամածություն և զրոյից ցածր ջերմաստիճան:
B-1 գերձայնային ռմբակոծիչն առաջին անգամ ծառայության է անցել 1980-ականներին:
Այն օգտագործվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռմբակոծիչների ներկայությանն աջակցելու և Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողություններին օդային աջակցություն տրամադրելու համար:
Չնայած այս ռմբակոծիչներից ի սկզբանե կառուցվել էին 100-ը, դրանցից 60-ից քիչն է շարունակում գործել: