2024 թվականը մեկնարկեց պաշտոնանկություններով: Ավելի ճիշտ՝ վարչապետի այցով Լոռու մարզ, որտեղ նա խիստ դժգոհ մնաց դպրոցների վերանորոգման եւ շինարարության որակից եւ որոշեց պաշտոններից ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին:
«Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ»:
Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը հրապարակված են իր պաշտոնական կայքում:
«Իրականում այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով կատարելության կհասնենք, բայց առնվազն իմ չգնալ, չտեսնելով կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք»:
Դիմենք վարչապետի սիրած բառերից մեկին եւ արձանագրենք, որ նրա այս խոսքերը մեկ բան են նշանակում. Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա խոստովանում է, որ գրեթե 6 (վեց) տարի առաջ իր ձեռնարկած հեղափոխությունը (կամ` իշխանափոխությունը) ձախողվել է:
Տարիներ շարունակ «նախկիններին» մեղադրող, ինստիտուտների զարգացման կարեւորության մասին բարձրաձայնող Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ եթե ինքն անձամբ չգնա եւ չծանոթանա դպրոցների վերանորոգման ընթացքին՝ «կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք»: Իսկ ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը մեկ օրում այցելում է երեք կրթական օջախ եւ երեքում էլ նկատում է լուրջ խնդիրներ: Նորմալ գործող պետությունում վարչապետը չպիտի շինարարության որակի վերահսկողը լինի: Բայց եթե որոշել է ստանձնել այդ տարօրինակ դերը, պետք է գոնե ապահովի, որ իր այցելությունների ժամանակ (որոնք մեկ օրում չեն նախապատրաստվում) պատկերը նորմալ լինի:
Իսկ այս խոսքերը վարչապետն ասել է կառավարության հունվարի 4-ի նիստում.
«Ինչի պետք է վարչապետը գնա՝ դա տեսնի։ Մարզպետները բոլոր ծրագրերի պատասխանատուն են դե ֆակտո։ Տեղ կա, ես երրորդ անգամ պիտի գնամ։ Եթե ես երեք անգամ եմ գնում, դուք պիտի 13 անգամ գնաք։ Սա անհանդուրժելի է։ Շատ դառնացած եմ։ Ինձ պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են լուծումներ»։
Իրականում լուծումները պետք են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ մեզ՝ Հայաստանի քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանը վարձու աշխատող է, որը պարտավոր է երկրում արդյունավետ կառավարում ապահովել, ոչ թե դառնանալ: Ու եթե նա բացեիբաց ազդարարում է, որ տեղ կա, որտեղ «երրորդ անգամ պիտի գնա», ուրեմն խնդիրը համակարգային է: Եվ միգուցե արժե մտածել այն մասին, որ պետք է ոչ թե ժամերով ուղիղ եթերում պատասխանել «քաղաքացիների հարցերին» եւ, օրինակ, բացատրություն տալ Հայաստանում Youtube-ի մոնետիզացիայի մասին, այլ համակարգային փոփոխություններ կատարել:
Իսկ դրանց կարիքը ոչ միայն դպրոցների վերանորոգման կամ շինարարության ոլորտում կա: 2023թ. սեպտեմբերին ՀՀ նախագահը վարչապետի առաջարկով Իրաքում Հայաստանի դեսպան նշանակեց դիվանագիտական փորձ չունեցող Միսակ Բալասանյանին, իսկ արդեն դեկտեմբերի 29-ին վերջինս հետ կանչվեց: Նման վարվելակերպը տարրական դիվանագիտական հարգանքի բացակայություն է հյուրընկալող երկրի նկատմամբ: Բայց դիվանագիտությունն այս դեպքում երկրորդային էր. Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն դեսպան նշանակելու պատճառն այն էր, որ «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական գործընկերներ էին: Իսկ երբ բաժանվեցին, կրտսեր Բալասանյանը դեսպանի պաշտոնում այլեւս անպետք դարձավ: Բնականաբար, թե՛ նշանակման, թե՛ ազատման որոշումներն ընդունվել են Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ:
Այո, «նախկինների» ժամանակ դպրոցների շինարարության ժամանակ փող «ուտում» էին, իսկ դեսպաններ երբեմն նշանակում էին ոչ միանշանակ կենսագրություն ունեցողներին: Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հեղափոխությունը պետք է արմատախիլ աներ այս եւ բազմաթիվ այլ արատավոր երեւույթները: Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին շատ խոսեց եւ թեզեր կառուցեց ժողովրդավարության եւ անվտանգության կապի մասին: Բայց արի ու տես, որ մինչ իր իշխանության գալը ունեինք արատավոր երեւույթներ, բայց ունեինք Արցախ եւ Հայաստանն ամուր պաշտպանող անվտանգության գոտի: Իսկ այսօր Արցախ չունենք, հազարավոր պայծառ տղաներ չունենք, տարրական անվտանգության զգացում չունենք, բայց ունենք նույն արատավոր երեույթները, որոնց դեմ պայքարելու համար իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Ու ողբերգությունն այն է, որ անգամ այն պայմաններում, երբ նա փաստացի խոստովանում է, որ տապալել է պետության կառավարումը, դա որեւէ նշանակություն չունի իր հավատարիմ ընտրողների համար:
mediamax.am
Արա Թադեւոսյան` Մեդիամաքսի տնօրեն