Search
Close this search box.

«Ալիևի փեսան մի ամբողջ գյուղ է տարհանում». Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի հոդվածը. «Ադրբեջանում անընդհատ սկանդալներ են տեղի ունենում Ալիևների կլանի հետ կապված։ Նախագահ Իլհամ Ալիևը, որը երկաթյա բռունցքով ղեկավարում է երկիրը 2003 թվականից, իր պաշտոնը ստանձնել է հորից՝ Հեյդար Ալիևից, որը պետության ղեկավարն էր 1993-2003 թվականներին: Որպեսզի Ալիևները մի քանի սերունդ կառավարեն Ադրբեջանը, Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է փոխնախագահ։ Համոզված եմ, որ նա իր զավակներից մեկին կնշանակի իր իրավահաջորդը՝ այդպիսով շարունակելով Ալիևների դինաստիան Ադրբեջանում։

Ադրբեջանում վերջին սկանդալը բացահայտվել է Արդի Փուլաջի կողմից. առաջին անգամ հրապարակվել Abzas Media-ում, իսկ խմբագրված տարբերակը վերահրապարակվել է Globalvoices.org-ի կողմից: Հոդվածը վերնագրված է. «Ադրբեջանում նախագահի փեսայի համար մի ամբողջ գյուղ են դատարկել։

Գարաչայլի գյուղն սկզբում պատկանել է Ադրբեջանի մեծ մուֆթի Ալլահշուքյուր Փաշազադեին՝ Ադրբեջանի բարձրաստիճան մահմեդական հոգևորականին, որը հողերը վարձակալության էր տվել գյուղացիներին: Այնուհետև 2007 թվականին, գյուղը 49 տարով վարձակալության է հանձնվել «Շաբրան ագրոհամալիր» ՍՊԸ-ին, որից հետո ընկերությունը գյուղացիներին հրամայել է ազատել հողատարածքները։ Գյուղացիներից Թահիր Ռասուլովը դատի է տվել ընկերությանը՝ փոխհատուցում ստանալու համար։ Սակայն երկու տարի անց նա պարտվել է դատարանում։ «Ինձ շատ են խոշտանգել ու տանջել։ Նրանք ինձ սպառնացել են ոստիկաններով։ Ինձ հանել են իմ պապենական տնից»։ Ընկերությունը գյուղը շրջափակել է մետաղալարերով։ «Այժմ մենք մեր նախնիների հողերին նայում ենք լարերի հետևից», ասաց Ռասուլովը:

«Շաբրան ագրոհամալիրի» հիմնադիրը Բաքվի Ագրոպարկն է, որը պատկանում է գործարար Սամեդ Ղուրբանովին, որն ամուսնացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրտսեր դստեր՝ Արզու Ալիևայի հետ։

Ընկերությունում Ղուրբանովի 6․9 միլիոն դոլարի անձնական ներդրումը համադրվել է 6 միլիոն դոլար լրացուցիչ վարկի հետ՝ տրամադրված Ձեռնարկատիրության զարգացման պետական հիմնադրամի կողմից 10 տարի ժամկետով՝ 5 տոկոս տոկոսադրույքով:

Հոդվածում ասվում է, որ «Ղուրբանովի ընկերությունն ազատվել է ջերմոցի կառուցման ժամանակ էլեկտրալարերի տեղադրման համար վճարելուց, որը կատարել է Իլհամ Ալիևի աներոջը՝ Արիֆ Փաշաևին պատկանող «Ռետրո Հոլդինգ» ընկերությունը։ Ներդրումային այլ առավելությունները ներառել են ագրոհամալիրի ոռոգման ենթակառուցվածքի համար բարենպաստ վարկերը՝ բոլորը տրամադրված պետության կողմից»:

Գարաչայլի գյուղի նախկին բնակիչ Շոհրատ Գարդաշալիևն ասաց. «Գազատարն այստեղով անցնում է դեպի Ագրոպարկ և գազ չի մատակարարում մարդկանց, նրանք պարարտանյութ են տալիս դաշտերին։ Ճիշտ է նրանք միլիոններ են ծախսում պարարտանյութերի վրա, բայց մարդիկ այնքան արժեք չունեն, որքան պարարտանյութերը։ Մենք այստեղ չենք կարող մշակաբույսեր աճեցնել․ մենք հող չունենք, սեփականություն չունենք։ Այս ամբողջը ժողովրդի հողն է, բայց տեսեք, ներխուժել են ու վերցրել այն… Ինձ ուղղակի ասացին՝ ընկիր և մեռիր, կխեղդեմ և կսպանեմ քեզ»։

Թահիր Ռասուլովն ասաց. «Այստեղ նշված են անուններ, նշված է նախագահի անունը, տիկին Մեհրիբան Ալիևայի (փոխնախագահի և կնոջ) անունը: Հենց որ մեր անասուններից մեկն անցնում է այդ դաշտը, մեր կառավարիչն ասում է, որ սա տիկին Մեհրիբանի տեղն է։ Ուրեմն տիկին Մեհրիբանն այստեղ ներկայացուցիչ է նշանակել՝ քաղաքացուն սպանելու, ծեծելու, խոշտանգելու կամ սպառնալո՞ւ համար»։

Քանի որ գյուղացիների համար զբաղվածության հնարավորություն չկա, միակ հնարավորությունը ագրոհամալիրում աշխատելն է, որտեղ կա՛մ հրաժարվել են նրանց աշխատանքի ընդունել, կա՛մ առաջարկել են ամսական ընդամենը 200 դոլար աշխատավարձ: Գյուղացիներից մեկը ողբալի վիճակը նկարագրեց որպես «ժամանակակից ստրկություն»։

Դատական փաստաթղթերը ցույց են տվել, որ Բաքվի Ագրոպարկը «անհավանական էժան վարձավճար է տվել Գարաչայլի գյուղում վարձակալած հողերի համար՝ տարեկան 1500 դոլար վարձավճար 4300 ակր հողի համար»։ Ռասուլովն ասել է, որ ինքը նախկինում «այդ հողի մեկ ակրի համար վճարում էր 45 դոլար վարձավճար։ Եվ այնուամենայնիվ, Բաքվի Ագրոպարկը մեկ ակրի համար վճարում է 2․2 դոլարից պակաս»:

Սամեդ Ղուրբանովին են պատկանում նաև «Բաքվի ագրոպարկ առևտրի տունը, որը զբաղվում է մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով. «Մաքսիթրեյդինգ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է պարենային ապրանքների ներմուծմամբ և բաշխմամբ․ ինչպես նաև Mirlex Group-ին պատկանող մի քանի այլ ընկերություններ (Mirlex Development և Mirlex Construction ՍՊԸ), որոնք զբաղվում են կրակմարիչների վաճառքով, ավտոմատ հակահրդեհային ազդանշանների տեղադրմամբ, կայանման և տեսահսկման համակարգերով: Սամեդ Ղուրբանովի բազմաթիվ ընկերությունների գրասենյակները գտնվում են «Պորտ Բաքու Թաուերս» էլիտար բիզնես կենտրոնում, որը պատկանում է Pasha Holding-ին [տերը Մեհրիբան Ալիևայի հայրն է]»։

Abzas Media-ի լրագրողները փորձել են «խոսել Շաբրանի ագրոհամալիրի կառավարիչների հետ, սակայն ապարդյուն։ Նկարահանող խմբին կանգնեցրել է անվտանգության աշխատակիցը և ասել, որ կառավարիչներից ոչ մեկը համալիրում չէ»:

Ցավոք, «այն բանից հետո, երբ գյուղի բնակիչները ստիպված են եղել փախչել, նրանք թողել են գյուղի գերեզմանոցը։ Քանի որ համալիրը կառուցվել է, և նրանց հողերը խլել են, նրանք պետք է թույլտվություն խնդրեն ագրոհամալիրի ղեկավարությունից՝ անգամ իրենց հանգուցյալ հարազատների շիրիմներին այցելելու համար»։

Շատ ողբերգական է, որ կառավարությունը, որը տարեկան միլիարդավոր դոլարներ է վաստակում իր նավթի ու գազի հսկայական պաշարներից, չի ցանկանում այդ հարստության մի փոքր մասը կիսել Ադրբեջանի աղքատ գյուղացիների հետ»:

Please enter a valid URL