Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի նաև այս տարի, ապա Հայաստանի շուրջ անվտանգային սպառնալիքները չեն նվազելու:
Ռուսաստանը, ենթարկվելով արևմտյան պատժամիջոցներին, ստիպված է լինելու խորացնել գործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով անտեսել Հայաստանը և Հայաստանի հաշվին սակարկել Անկարայի և Բաքվի հետ, ինչն արել է 2020-ին և հատկապես Ուկրաինա ներխուժումից հետո:
Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի ձեռքով, սուվերեն ճանապարհ պոկելու ռուսական սպառնալիքը չի նվազելու:
Իր հերթին, Ադրբեջանը Հայաստանի հետ հնարավոր պայմանագրի ստորագրումը կարող է նաև ձգձգել անկլավների հարցը տաք պահելով:
Մինչև ապրիլ-մայիս հավանաբար մենք կունենանք խաղաղ ժամանակահատված, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրումը մինչև ապրիլ քիչ հավանական է, դրանից հետո՝ պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք, Մոսկվա-Անկարա և Մոսկվա-Բաքու զարգացումներով, նոր պատերազմի սպառնալիքը միշտ առկա է լինելու:
Հայաստան-Ադրբեջան որևէ պայմանագիր, անունը լինի խաղաղության, հաշտության կամ այլ սիրուն բառով, չի գործելու: Անշուշտ, երկկողմ փաստաթղթի ստորագրումը կարող է նվազեցնել լարվածությունը, բայց երաշխիք չկա, որ փաստաթղթի ստորագրումը բերելու է խաղաղություն, ինչպես չբերեց 2020-ի նոյեմբերի 9-ը և դրան հաջորդած մի շարք հայտարարություններ՝ լինեն պայմանավորված Ռուսաստանում կամ Արևմուտքում:
Համեմատաբար այս խաղաղ ժամանակահատվածը Հայաստանը պետք է զբաղվի հետևյալ հարցրերով.
ա/ շարունակել ռազմական հավասարակշռությանն ուղղված քայլերը, առաջին հերթին՝ սպառազինությունների ձեռք բերումը և տեղական արտադրության ընդլայնումը,
բ/ Մոսկվայի հետ պահել երկխոսության ոգին, ինչքան էլ Հայաստանից և Ռուսաստանից շարունակվեն դրանք թունավորվել, այդ թվում՝ Զախարովայի ու Լավրովի մակարդակներում,
գ/ Թուրքիայի հետ շարունակել ուղիղ շփումների փորձերը, եթե անգամ դրանք պարբերաբար մտնեն փակուղի, ինչպես այսօր է,
դ/ ներգրավված մնալ եվրոպական ձևաչափերում,
ե/ Իրանի հետ Սյունիքում իրականացնել տնտեսական ծրագրեր:
Հայաստանը շարունակելու է մնալ խոցելի, քանի դեռ մենք չեն կարողացել հետ գնել վաճառված անվտանգությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:
Անշուշտ, միշտ արդիական է լինելու երկու այլ մարտահրավեր.
ա/ ՀՀ գործող իշխանությունների տապալումը և նոր Հայհեղկոմի մուտքը Հայաստան,
բ/ Հայաստանի «փրկությունը» նոր ԽՍՀՄ-ի կազմում:
Եւ, իրավամբ, ինչպես 1920-ի վերջերին, այնպես էլ այսօր, հայ ժողովրդի մի ստվար հատվածի համար հյուսիսային փրկությունը կարող է լինել չարյաց փոքրագույնը: