Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը, այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում։
«Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել և ընդլայնվել են: Ռուսաստանը մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ոլորտում խորացել է համագործակցությունը: Հաջողությամբ առաջ է ընթացել կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության ձևաչափով»,- նշել է նա։
ՌԴ դեսպանի խոսքով` 2023 թվականը դարձավ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը. ավելի քան 100 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը:
«Ռուսաստանցիներն այդ ցավն ընդունեցին, ինչպես իրենցը: Ռուսաստանը, հենվելով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, շարունակել է Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը հաստատակամորեն աջակցելու գիծը»,- նշել է Կոպիրկինը: