Պարզվում է՝ «Ջոսի Մհերը» որոշում է ընդունել անձամբ զբաղվելու հայ-ռուսական փչացած հարաբերություններով ու օրերս մի ֆեյսբուքյան ստատուս է երկնել՝ պնդելով՝ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարևորագույն հենասյուներից մեկն են և այդ հենասյունը որքան ամուր լինի, այդքան ամուր է լինելու Հայաստանի անվտանգությունն ու պետականությունը: «Ես, որպես հայորդի, չեմ կարող ձեռքերս ծալած նստել և նայել, թե ինչպես են փչանում հայ-ռուսական հարաբերությունները: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայորդի չի կարող և իրավունք չունի ձեռքերը ծալած նստել և նայել, թե ինչպես են հայ-ռուսական հարաբերությունները քանդվում»,-գրել է մորմոքած սրտով Մհերը:
Թե առկա իրողությունների պայմաններում որքանով են Մհերի՝ ՌԴ դերի մասին պնդումներն իրականությանը համապատասխանում, թող քննարկեն անվտանգության մասնագետներն ու տարբեր կալիբրի ու ռանգի փորձագետները. քննարկելու, վիճելու, հակառակը կամ նույնը պնդելու տեղ հաստատ կլինի: Տվյալ դեպքում, սակայն, մի էական հարց է առաջանում՝ «Ջոսի Մհե՞րն» է հայ-ռուսական հարաբերությոներին հարություն տալու, արդյոք նա այն մարդն է, որ ունի իրավունք՝ այդքան գլոբալ հարցի մեջ սեփական քիթը խոթելո՞ւ:
Վա՜յ մեզ ու ռուսներին, որ փչացած հարաբերությունների վերականգնմամբ «Ջոսի Մհերն» է զբաղվելու: Սրան կարելի է մի խոշոր դրամագլուխ նվիրաբերել՝ ինչ-որ կերպ համոզելու,որ ձեռքերը ծալի ու յուր «Ջոսի» «պադվալում» հանգիստ լռվի՝ ինքն իրեն հայ-ռուսական հարաբերություններից հեռու պահելու: Հայ և ռուս ժողովուրդները մինչև հոգու խորքը շնորհակալ կլինեն «Ջոսի Մհերին» նման ինքնազոհողության համար ու ստիպված չեն լինի հետո հիշել, թե ժամանակին ինչպես մի ռեստորանատեր վերջնականապես թաղեց ճգնաժամում գտնվող հարաբերությունները՝ ընդմիշտ մարելով ժողովուրդների հույսը՝ միմյանց վերագտնելու:
Իսկ թե սկզբունքորեն ինչ կարող է անել ջոսի Մհերը հայ-ռուսական հարաբերությունների վերականգնման համար, կարելի է պատկերացնել միայն այլասերված ֆանտազիաներին տրվելու գնով: Ա՛յ հենց այսպիսիների պատճառով է, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններն իջել են շրիշակի մակարդակի, հենց սրանց մեղքով է, որ հետխորհդային երկրների ուղղությամբ տարվող ռուսական արտաքին քաղաքակնությունը բախվում է անհաղթահարելի արգելքների: