Search
Close this search box.

Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել. հայտարարություն

Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ոչ Արցախի որևէ պաշտոնատար անձի և ոչ էլ Արցախի ազգային ժողովի կամ որևէ այլ մարմնի կողմից, այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝ ներկայացնելով դա հիմնավորող իրենց փաստարկները։

«Արցախի Հանրապետությունը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած անկախության մասին համահանրապետական հանրաքվեի միջոցով (ընտրելու իրավունք ունեցող 132.328 հոգուց քվեարկությանը մասնակցել է 108.736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» է քվեարկել 108.615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել): Նույնիսկ Ադրբեջանական Հանրապետությունը հանրաքվեի միջոցով չի անկախացել ԽՍՀՄ-ից, այլ իրենց օրենսդիր մարմնի որոշմամբ:

Արցախի Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Արցախի Հանրապետության նախագահը օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից միայն գործադիր իշխանության ղեկավարն է, այսինքն նա օժտված է պետական իշխանության մի մասով: Հետևաբար, Արցախի Հանրապետության նախագահը չի ունեցել, չունի և չի կարող ունենալ Արցախի Հանրապետությունը լուծարելու իրավասություն:

Ավելին, Արցախի նախագահի 2023թ. սեպտեմբերի 28-ի «հրամանագիրը» ոչ միայն պաշտոնապես, այլ նաև ընդհանրապես չի հրապարակվել: Հետևաբար իրավական ակտերի հետ կապված օրենքի կարգավորումների համաձայն այդ «հրամանագիրը» ձևական առումով էլ ուժի մեջ չի մտել (նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից), իսկ հրապարակվելու դեպքում էլ չի կարող իրավաբանական ուժ ունենալ: Նույն տրամաբանությամբ Ալիևը չի կարող իր հրամանագրով լուծարել Ադրբեջանի Հանրապետությունը»,- նշված է հայտարարությունում:
Կուսակցությունը շեշտում է, որ այս հարցում Արցախի իշխանությունների պասիվությունն ընդունելի չի համարում:

«Մեր համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ պատճառ բերելով, որ Արցախի գոյության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու դեպքում նոր պատերազմ կլինի, կամ գերիները չեն վերադարձվի: Նշված կամ դրա նման այլ պատճառաբանությունները չունեն որևէ հիմք, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվել իր ծավալապաշտական ցանկություններից, շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, ուստի պատերազմի հավանականությունն առավել քան իրատեսական է: Հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ոչ մի պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից»,- նշված է կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում:

Please enter a valid URL