«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Սարգսյանը՝ նշել է, որ թեև ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը, այնուամենայնիվ շարունակելու է հանդիպումներ անցկացնել։
«Այս պահին հետաքրքրությունս այնքան մեծ է, որ եթե չընտրվեմ էլ, կուզեմ շարունակել, որ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք և ուր ենք գնալու»,- նշեց Սարգսյանը:
Հարցին՝ ինչը իրեն ստիպել համաձայնել, Արմեն Սարգսյանն ասաց, որ գործոնները շատ էին. «Սկսած իմ առջև դրված մեծ պատասխանատվությունից, որին ոչ ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը, ես շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց երբ ՀՀ նախագահի թեկնածու ես, հանդիպում ես մարդկանց, միանգամայն այլ մոտեցում կա թե՛ մարդկանց կողմից, թե՛ քո:
Մարդիկ ավելի բաց են շփվում, իրենց սպասելիքներն են ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, նրանից սպասելիքներ պետք չէ ունենալ: Կա մյուս ծայրահեղությունը, որ ՀՀ նախագահն ամեն ինչ կարող է: Իրականությունը երկուսի մեջտեղում է»:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ ՀՀ նոր Սահմանադրությամբ նախագահը վարչական մեծ լծակներ չունի, բայց ունի իրեն տրված պարտականություններ ու լիազորություններ:
«Մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը, խորհրդարանական նոր նախագահի մշակույթ ստեղծել»,- ավելացրեց նախագահի թեկնածուն:
Խոսելով ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինել չլինելու մասին Սարգսյանն ասաց․ « Ցանկացած երկրում քաղբանտարկյալ լինելու խնդիրը անընդունելի է, կրկնակի անըդունելի է , երբ խոսքը վերաբերվում է մեր երկրին։ Որևէ միջազգային կազմություն դեռևս չի հայտարարել, որ ՀՀ-ում քաղ բանտարկյալ կա , եթե ներքին հարցում իրականացնենք գուցե կասեն, որ այո՛ կան։ Հանրապետության նախագահը պետք է լուրջ ուշադրություն դարձնի այդ խնդրին, բացառելով քաղբանտարկյալնների երևույթը»,-ասաց Ա․ Սարգսյանը։
Անդրադառնալով Երևանի ավագանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, որի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկեցին, Արմեն Սարգսյանն ասաց, որ սա միակ բացասական երևույթը չէ, որ վնասում է պետության, ազգի իմիջին:
«Ինձ համար որևէ տեսակի բռնություն անընդունելի է, անընդունելի է երկխոսության բացակայությունը, որը փոխարինվում է ուժով: Անընդունելի է, որ այդ երևույթի մեջ ներգրավված են տղամարդիկ ու կանայք: Ես չեմ կարող արդարացնել նման երևույթը, որը ուժի կիրառման ձև է: Կոչ եմ անում բոլորին քաղաքակիրթ կերպով երկխոսություն սկսել: Բոլորին է կոչս ուղված՝ նրանց, ովքեր իշխանության մեջ են, նրանք, ովքեր ընդդիմության մեջ են: Նման երևույթները մեր վայել չեն»,-ասել է նա։