Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր։ Այս մասին ծավալուն հրապարակում էր պատրաստել «Диалог и Дело» հասարակական կազմակերպությունը, որը վերահրատարակել էր russia-osoboe-mnenie.ru կայքը:
Լուի դը Ֆյունեսի որդին՝ Օլիվյեն, իր հուշերում գրում է. «Նա իսկական արիստոկրատ էր, ով ամբողջ կյանքում սիրեց միայն իր կնոջը, ձուկ որսաց և վարդեր աճեցրեց։
Նա այդպես էլ չսիրեց աղմկոտ, ձանձրալի ամենօրյա կյանքը։ Նա ասես ապրում էր իր աշխարհում և աշխատում էր, որ այդ աշխարհին ոչ ոք չդիպչի։
Դերասանի անունով է կոչվում նույնիսկ ֆրանսիական ծաղկաբուծական ընկերություններից մեկի ստեղծած վարդի նոր տեսակը՝ վառ նարնջագույն, սուր հոտով մի ուրախ ծաղիկ, որը ոսկե մեդալների է արժանացել զանազան ծաղկային ցուցահանդեսների ժամանակ»։
Լուի դե Ֆյունեսը (1914-1983 թթ.) համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեծագույն կատակերգակներից է։ Ֆրասիական և համաշխարհային էկրանի ապագա աստղի ծնողները ծնվել են Իսպանիայի Սևիլիա քաղաքում։
Հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։
Մայրն ուներ իսպանական և պորտուգալական արմատներ։ Երիտասարդ տարիներին Լուի դը Ֆյունեսը տարվել է նկարչությամբ և դաշնամուր նվագելով: Զարմանալի չէ, որ հետագայում նա հենց դաշնակահար էլ դարձավ: Ֆյունեսը գերազանց գիտեր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները, յուրացրել էր նաև հայերենը:
22 տարեկանում Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզա Էլոդի Կարրուայեի հետ: Ծնվում է նրանց որդին` Դանիելը: Սակայն 1942թ. նրանք ամուսնալուծվում են:
Մեկ տարի հետո ամուսնանում է Բարտելեմի դը Մոպասանի հետ, որը նշանավոր գրող Գի դը Մոպասանի թոռնուհին էր: Միասին ապրում են 40 երջանիկ տարիներ, մինչև հանճարեղ կատակերգուի մահը` դաստիարակելով իրենց 2 որդիներին` Պատրիկին և Օլիվյեին:
Լուի դը Ֆյունեսը շատ ջերմ հարաբերություններ ուներ բավականին հարուստ ֆրանսահայ Խաչիկ Քեբարջյանի ընտանիքի հետ, շփումներ ուներ Ֆրանսիայի հայկական շրջանակների, անգամ Ֆրանսիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության հետ:
Նրա ընտանիքում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ հաճախ էր արծարծվում 1915-1923թթ. Թուրքիայում կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության թեման:
Ֆյունեսը հաճույքով էր լսում զորավար Անդրանիկին նվիրված երգերը, իսկ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր այցելում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն և իր հարգանքի տուրքը մատուցում ու ծաղիկներ դնում մեծ զորահրամանատարի` Անդրանիկ Օզանյանի շիրմին: Հատկանշական է, որ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցչության միջոցով նա միշտ գտնում էր տնտեսվար ու մաքրակենցաղ հայ կանանց` իր տանն աշխատելու համար:
fyunes (3)Ահա, թե ինչ է պատմում Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի բնակչուհի Աղավնի Սարգսյանը, ով 1971-ից 1,5 տարի Ֆյունեսների տանն աշխատել է՝ որպես սպասուհի, խոհարար, պարտիզպան և հայոց լեզվի ուսուցչուհի. «Իմ և յոթ տարեկան դստերս ու Ֆյունեսների ընտանիքի միջև ձևավորվել էին ջերմ, ընկերական փոխհարաբերություններ: Նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում:
Ճիշտ է, ես չէի խոսում նրանց լեզվով, սակայն մենք միմյանց հասկանում էինք առանց դժվարության: Նա արդեն հաջողությամբ կարողանում էր հայերեն ասել «շնորհակալություն» և «բարի լույս» բառերը։