MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից այն հարցի շուրջ, թե արդյոք «Ա» գոտիում կայանելու համար տարեկան 160 000 դրամը վճարած մեքենայի վարորդը կարո՞ղ է կայանել «Բ» գոտում: Եվ երկրորդ հարցը՝ «Բ» գոտու համար վճարած վարորդը, ով վճարել է 24 000 դրամ, կարո՞ղ է կայանել «Ա» գոտում, թե հավելյալ պետք է ծախս տեսնի։
Հարցերի պատասխանը ստանալու համար MediaHub-ը զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ։
«160 000 դրամ «Ա» գոտու համար վճարած մեքենան կարող է կանգնել «Բ» գոտում առանց հավելյալ վճարելու, իսկ «Բ» գոտու վարորդը, ով վճարել է 24 000 դրամ, պետք է հավելյալ վճարի «Ա» գոտում կայանելու համար։ Պետք է վճարի, քանի որ «Ա» գոտիի տարեկան վճարը 24 000 դրամ է և ինքը չի կարող 24 000 դրամ վճարի, բայց կանգնեցնի ավելի թանկ կայանման տեղում»,- ասաց Կոստանյանը։
Ըստ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի` տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդն ուզում է տարեկան վճարի ու ուզում է և՛ «Ա» գոտում կայանի, և՛ «Բ» գոտում, ապա իրեն ձեռք կտա 160 000 դրամ վճարելն ու որտեղ ուզում է կայանելը՝ թե՛ «Ա», թե՛ «Բ» գոտում։
Կենտրոնի բնակիչներից մենք ահազանգեր էինք ստացել այն մասով, որ ընտանեկան ծախսերը, փաստացի, կավելանան տարեկան 160 000 դրամով, եթե վարորդը չունի ավտոտնակ: Եվ եթե շենքը չունի բակ (շինարարական բումի պատճառով), այն քաղաքացիները, որոնք իրենց մեքենաները կայանում էին փողոցում, այժմ ստիպված կլինեն վճարել 160 հազար դրամ։ Այս մտահոգությունը ևս փոխանցեցինք Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին:
«Կենտրոնի բնակիչների մասով գիտեմ, որ առանձին քննարկումներ է լինելու, և ապագայում պարզ կլինի, թե ինչ որոշում է կայացվելու իրենց մասով: Այդ մասին արդեն նոր տարում»,- ասաց Կոստանյանը։
Նշենք, որ այսպիսով գոնե հույս կա, որ Կենտրոնի բնակիչների մտահոգությունները քննարկման առարկա կդառնան և գուցե որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը դարձավ 160 հազար դրամ։ «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5 000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Ա» գոտին համարվում է Փոքր կենտրոնը, իսկ Փոքր կենտրոնից դուրս հարակից կամ հարող շրջանները, որտեղ կան կարմիր գծեր, համարվում է «Բ» գոտի, սական, օրինակ, Փոքր կենտրոն համարվող Տիգրան Մեծ պողոտայի վերջնահատվածը կարող է նաև համարվել «Բ» գոտի»։