Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան պարկի» դիմաց բախվել են Peugeot մակնիշի ավտոմեքենան և ГАЗель մակնիշի բեռնատարը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնք բոլորը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Բախման հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով ու բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին՝ մի քանիսը շրջելով:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: