Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի կեսը, ամբողջ տուգանքը համարվում է վճարված։
Իսկ եթե քաղաքացին գրանցվում է roadpolice.am կայքում և խախտումների վերաբերյալ ծանուցումներն ուզում է ստանալ էլեկտրոնային փոստով, ապա տուգանքի չափը կնվազեցվի 5%–ով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց փոփոխել տրամաբանությունը՝ նաև թվայնացումը խրախուսելու համար. «Ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու զեղչը, կարծում եմ, պետք է լինի 30%, իսկ 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում՝ ևս 30%»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե խրախուսող նորմեր չդրվեն, թվայնացման պրոցեսը դանդաղ կգնա։
«Եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից դատական ակտերի կատարման ծառայությունում գտնվող գործերով տուգանքի 70%–ը վճարում է, նախագծով այդպես է նախատեսված, բայց ես կարծում եմ՝ մենք այս նոր համակարգի ներդրմամբ 50% զեղչ կարող ենք կիրառել․ այսինքն, եթե կեսն է վճարում, պարտքը կզրոյանա». հայտարարել է վարչապետը։