Բնապահպանական տեսչական մարմինը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարից նյութերը գետը թափվելու տեսանյութը հրապարակողից և հանքարդյունաբերական ընկերությունից պահանջել է համապատասխան փաստերի ներկայացում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Եթե կա այդպիսի դեպք, որը չի արձանագրվել ստուգման ընթացքում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն կազմակերպության ներկայացուցիչները: Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել, որ փորձաքննության ենթարկվի գետը թափվող հեղուկը, որ հասկանանք, թե ինչ վնասի մասին է խոսքը»,- ընդգծեց նախարարը: Նրա խոսքով, ստուգումների արդյունքները կամփոփվեն ու լիարժեք կներկայացվեն: Ըստ Մինասյանի, այս ընթացքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց համար ընկերությունը կենթարկվի պատասխանատվության: