Search
Close this search box.

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում են

Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նույն հարկի տակ միջոցառման կմասնակցեն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում են, որտեղ նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Երկու երկրների առաջնորդների հնարավոր շփման կամ բանակցությունների մասին պաշտոնական տեղեկություն, սակայն, ո՛չ Երևանն է հաղորդում, ո՛չ Բաքուն:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակն այս հարցին անդրադառնալիս ասել էր՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում բոլորը կարող են շփվել, սակայն երկկողմ հանդիպման ծրագրեր չկան:

Ավելի քան 5 ամսվա դադարից հետո Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում արդյոք հյուրընկալող կողմը կփորձի՞ կազմակերպել Փաշինյան-Ալիև բանակցություններ՝ պարզ չէ: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը դժվարանում է ասել՝ կողմերին պարբերաբար հանդիպման հրավիրող Մոսկվան առիթն ինչպես կօգտագործի: Ամեն դեպքում քաղաքագետի գնահատմամբ՝ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հակված չեն ռուսական հարթակում քննարկել խաղաղության պայմանագիրը: Հայկական կողմն այդ հարթակին նախապատվություն չի տալիս, իսկ Ադրբեջանը փորձում է տեղափոխել գործընթացը երկկողմ ձևաչափ:

«Նույնիսկ եթե ինչ-որ ոչ ֆորմալ շփումներ Ալիևի և Փաշինյանի միջև Սանկտ Պետերբուրգում տեղի ունենան, դրանք դժվար են անվանել բանակցություններ հենց խաղաղության պայմանագրի օրակարգում, ավելի շատ դրանք կարող են նպաստել ինչ-որ քաղաքական փոխըմբռնման ձեռքբերմանը կամ դրա զարգացմանը», — ասաց նա։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնոդները վերջին անգամ հանդիպել են հուլիսին: Փաշինյանի և Ալիևի հերթական բանակցությունները նախատեսված էին նոյեմբերին՝ Գրանադայում, սակայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահը տապալեց ոչ միայն այդ, այլ նաև Բրյուսելի հանդիպումը: Տեղի չունեցան նաև արտգործնախարարների մակարդակով վաշինգտոնյան բանակցությունները:

Ու թեև դեմ առ դեմ բանակցություններ չկան, կողմերը այս ընթացքում փոխանակում են խաղաղության պայմանագրի նախագիծը: Նախօրեին Երևանը հաստատեց՝ ստացել է փաստաթղթի 7-րդ տարբերակը: Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե հանդիպումներ սպասվում են 2024 -ին: Կոնկրետ վայրի և ժամկետների մասին, սակայն, Բայրամովը չի խոսել:

Please enter a valid URL