«Մեր կրթական հանձնաժողովը չի ստեղծվել առանձին գործունեություն ծավալելու համար, այլ համատեղ՝ պետական հանձնաժողովի հետ, 2019թ․ պայմանավորվածությամբ է ստեղծվել: Պետք է ստեղծվեր նաեւ պետական հանձնաժողով, որի հետ համատեղ մենք պետք է քննարկեինք կրթական ոլորտի հետ կապված խնդրահարույց հարցերը… Մենք հանդիպել ենք ինչպես նախկին փոխնախարար Անափիոսյանի հետ, այնպես էլ այսօր նախարար, այն ժամանակ փոխնախարար տիկին Անդրեասյանի հետ, հանդիպել ենք նախարար Դումանյանի հետ, եւ միշտ օրակարգում այդ հարցը եղել է, որ խնդրեմ պատրաստեք, ներկայացրեք պետական հանձնաժողով, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրները ներկայացնել եւ լուծումներ գտնել:
Այդ հանձնաժողովը, սակայն, չեղավ, եւ մենք պարապուրդի մատնվելու փոխարեն՝ որդեգրեցինք ինքնուրույն աշխատելու տարբերակը, ինքնուրույն մշակեցինք որոշ հարցեր, մեր տեսակետները հայտնեցինք հրապարակավ, նամակով, մամուլի ասուլիսի տեսքով եւ այլն, մինչեւ որ հասանք նախարար Դումանյանի հետ հանդիպման ժամանակ այն վերջնագրային պահվածքին, երբ նախարարը մեզ ասաց՝ կամ կհամաձայնեք Հայ եկեղեցու պատմությունը սահմանափակել մեկ տարվա մեջ կամ այդ էլ չեք ունենա:
Ինչը մենք մերժեցինք, եւ դրանից հետո որեւէ այլ հանդիպում տեղի չունեցավ: Եկանք հասանք մի հանգրվանի, երբ որ հրատարակվեց 7-րդ դասարանի Հայ ժողովրդի պատմության դասագիրքը, որտեղ պետք է ընդգրկված լիներ Հայ եկեղեցու պատմության դասագրքի համապատասխան նյութը: Առաջին իսկ հայացքից պարզ դարձավ, որ այնտեղ ոչ միայն ներկայացված չէ մեր նյութի ողջ ծավալը, այլեւ եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված վիճակով: Հետեւաբար մեզ համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը»,- Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի աղմուկ հանած դասագրքի վերաբերյալ Մայր Աթոռում հրավիրված ասուլիսին նշեց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Միքայել Սրբազանի խոսքով. «Բազմաթիվ այլ,այդ թվում պետական կառույցներ ներկայացնող լուրջ գիտնականներ, պատմաբաններ այս ընթացքում դեմ արտահայտվեցին այդ դասագրքին, նաեւ հրապարակեցին իրենց կարծիքը այդ մասին: Զարմանք է հարուցում այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հետ գործակցությամբ, շնորհակալություն է հայտնվում Մայր Աթոռին, մինչդեռ ոչ մի հարաբերություն չի հաստատվել Մայր Աթոռի ոչ մի կառույցի հետ:
Ապակողմնորոշ այդ հայտարարությունը դրված է հավելյալ կերպով մարդկանց մոտ այլ պատկերացում ստեղծելու համար, թե իբր Մայր աթոռը նույնպես մասնակից է այս դասագրքի կազմմանը:
Այս դասագիրքը իր այսօրվա վիճակով անընդունելի է ոչ միայն մեզ համար, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ եկեղեցագիտական նյութերը սխալ էին, այլ որ ընդհանրապես շեղվել է մինչեւ այսօր եղած չափանիշներից:
Մինչեւ այսօր որ ասում եմ՝ ուզում եք Մաշտոցից սկսեք, ուզում եք Առաջին Հանրապետությունից, ուզում եք Սովետական Հայաստանից սկսեք… Առայսօր գոյություն ունեցող չափանիշներից էականորեն եւ արմատապես տարբերվում է այս դասագիրքը, լրիվ փոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ»: