Search
Close this search box.

«Հանրային ձայնը» առաջարկեց այս տարի օրակարգից հանել «կարմիր գծերի» վճարը բարձրացնելու նախագիծը. Ավինյանը մերժեց

Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկեց օրակարգից հանել տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12.000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամ։

«Մենք առաջարկում ենք այս տարի հանել կարմիր գծերի հարցը։ Մենք մի քանի տարբերակ ենք ներկայացրել խցանումները թեթևացնելու հետ կապված։ Չգիտեմ՝ ինչ է որոշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեր առաջարկների վերաբերյալ, բայց ասում եմ՝ հանեք կարմիր գծերի հարցն օրակարգից»,- ասաց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Երևան համայնքում 2024 թվականին տեղական տուրքերի մասին հարցին, որն ընդհանրական հարց է, միայն չի վերաբերում կարմիր գծերին։

«Ձեր առաջարկություններն ընդունվել են, կքննարկենք, արդեն դուք ձեր կարծիքը կհայտնեք»,- ասաց Ավինյանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ միայն «Հանրային ձայնի» աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել քվորում և օրակարգի քննարկում։

Ավագանու նիստի օրակարգում կան նաև չզեկուցվող հարցեր։ Մ. Սուքիասյանն ասաց, որ երևանցու առաջ չզեկուցող հարցեր չպետք է լինեն։

«Երևանցին չգիտի, թե ում սիրուն աչքերի համար են հողի նշանակությունը փոխում ու տալիս հնարավորություն հերթական բարձրահարկը կառուցել, քաղաքը տձև մեծացնել, տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անել, հետո ասել՝ եկեք կենտրոնում սահմանափակենք, նոր ավտոբուսներ առնենք, քանի որ պետք է կառուցենք շենքեր, շենքեր։ Չզեկուցվող հարցերն անընդունելի են մեզ համար»,- ասաց Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը, սակայն «Հանրային ձայն»-ը մտավ նիստերի դահլիճ՝ ապահովելով քվորում։

Please enter a valid URL