Կարծեմ 2023թ. գարնանն էր… Ստեփանակերտի <<Ռոսիա>> սրճարանում Ռուբեն Վարդանյանի հետ նստած՝ զրուցում էինք Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից: Այդ օրերին նա նոր էր թողել պետնախարարի պաշտոնը:
Խոսում էինք հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ծանր վիճակից, կարծիքներ փոխանակում իրադրությունից դուրս գալու ելքերի շուրջ և… հարցնում եմ՝
-Թշնամու ճամբարից Ձեր մասին հաճախ են ակնարկում, դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Ինձ ավելի շատ անհանգստացնում է Արցախում տիրող այսօրվա մթնոլորտը, երբ մարդիկ զբաղված են մեկը մյուսին <<սևացնելու>> հանցավոր անգործունեությամբ, այլ ոչ թե միասնական ուժերով իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելով:
-Մեր առաջին հանդիպման ժամանակ ես Ձեզ ասել էի, որ արցախցիներին լավ չեք ճանաչում, հիշո՞ւմ եք…
-Իսկ ես էլ ասացի, որ աշխարհի բոլոր մարդիկ նույնն են, պարզապես, նրանց ոչ թե հասկացնել, այլ հասկանալ է պետ: Այսօր մենք՝ ոչ միայն նրանց, այլև ինքներս մեզ չենք հասկանում: Ինձ համար, օրինակ, զարմանալի չէր լինի, եթե վաղը 200 դոլարով ինչ-որ մի վարձկան մահափորձ կատարի իմ դեմ: Ես դրանից չեմ վախենում, ես վախենում եմ նրա համար, ով, 200 դոլարի դիմաց պատրաստ է գնալ պատվիրված սպանության:
Հ.գ.-2023թ. սեպտեմբերի 27-ին Հագարի կամուրջի մոտ ադրբեջանցիների կողմից տեղադրված ապօրինի անցակետում Ռուբեն Վարդանյանը կալանավորվել և տեղափոխվել է Բաքվի բանտ: Առայսօր նա գտնվում է գերության մեջ:
Հ.գ.գ.- Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը բոլոր հնարավորություններն ուներ խուսափելու գերությունից, բայց, ինչպես իր որդին կասեր՝ <<Նա խոսքի մարդ է, ասել է՝ մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին, այդպես էլ արել է...>>