53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել է նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ բռնության հետքերով:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը՝ փետրվարի 17-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչն անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու այլ ազգականների հետ, նախնական համաձայնությամբ, գնացել է տուժողի բնակության վայր: Վերջինիս դուրս են կանչել և միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել Կապան քաղաքի ուղղությամբ։ Քաջարան-Կապան ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող չգործող բենզալցակայանի տարածքում վիճաբանել են, ինչի ժամանակ էլ երիտասարդն իր երկու ազգականների հետ բռնություն է գործադրել հորեղբոր նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Ապա 53-ամյա տղամարդուն տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ, ստացած մարմնական վնասվածքներից, վերջինս մահացել է:
Սյունիքի մարզի երեք բնակիչները դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի երեք բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: