«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր լրագրողական թիմը պարզել է, որ ՀՀ սնանկության դատարանի վարույթում քննվող՝ Արմեն Հակոբյանի անունից «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ գործով որոշում է կայացվել՝ ի օգուտ ընկերությանը։
Արմեն Հակոբյանը պարզաբանեց, որ ՀՀ սնանկության դատարանը մերժել է իր դիմումը և կայացրել է վտանգավոր դատական ակտ։ Նրա կարծիքով՝ հավանաբար Հրայր Հակոբյանի ընկեր Ռուբեն Հայրապետյանը, որը բոլորին հայտնի է Գազի Ռուբո մականվամբ, օգտագործել է իր կապերը նման որոշում ստանալու համար։ Նա հավելեց նաև, որ վերջերս Հրայր Հակոբյանն իր եղբոր՝ Վերսանդիկ Հակոբյանի որդիների հետ ունեցած վեճերը փորձում է լուծել այլ անձանց, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանի միջոցով։
Հիմնավոր կասկածներ ունենալով՝ Արմեն Հակոբյանը չցանկացավ փակագծերը բացել և նշեց միայն, որ իր ու իր եղբոր կյանքը վտանգված է, և որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները չեն, որ պետք է իրենց հարցերին լուծում տան։
Ի պատասխան «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ մեր հարցերին՝ Արմեն Հակոբյանը ՀՀ սնանկության դատարանի որոշումը «խայտառակություն» որակեց և իր հույսը կապում է ՀՀ վերաքննիչ դատարանի հետ։ Նա միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրեց ընտանեկան հարցերը հանրայնացնելու և իրենց անդորրը խաթարելու համար՝ հավելելով, որ մեր աշխատանքը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում իր հորեղբոր՝ Հրայր Հակոբյանի գործելաոճից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում