Search
Close this search box.

Հայաստանում դեղերի գների աճ է լինելու

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:

«Հայ Տնտեսվարողների և Սպառողների Իրավապաշտպան Կենտրոն»-ի նախագահ Արթուր Աթոյանի խոսքով՝ սա լրացուցիչ բեռ է. արդյունավետ միջոց չէ.

«Նման որոշում եղավ հարևան Վրաստանում, սակայն արդյունքում դեղերն էլի առանց դեղատոմսերի էին վաճառվում, միայն թե գներն էին թանկացել: Հայաստանում էլ դեղերի գների աճ է լինելու»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Աթոյանը:

Նա նշեց, որ կա դեղերի որակի խնդիր.

«Հայաստանում ձեռք բերված դեղերն օգտակար չեն: Նույնը երբ արտերկրից ենք ձեռք բերում, տարբերությունը տեսնում ենք»,-ընդգծեց Արթուր Աթոյանը:

Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերին, ապա ցանկը հասանելի է այստեղ:

Please enter a valid URL