ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին անհանգստության համար, ոմանց նաև անբարեխիղճ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը մեծ ջանասիրությամբ տարածելու համար: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել և չի հեռացրել: Եվ սա այն պարզ պատճառով, որ 2017 թվականի հունիսի 1-ից ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես ես դադարել եմ լինել Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը: Վստահ եմ՝ բոլորն էլ տեղյակ են, թե ՀՀ ԱԺ պատգամավորն օրենքով սահմանված կարգով ինչպիսի աշխատանք կարող է իրականացնել, իսկ հեռուստաընկերությունում լրատվական բաժնի ղեկավարի գործառույթներն այդ շարքին չեն դասվում: Այդ մասին ես հայտարարել եմ դեռևս մանդատը ստանալու օրը: Այս ընթացքում Էպիկենտրոն լրատվական ծրագիրն ունեցել է և ունի գլխավոր խմբագիր՝ Բաղդասար Մհերյանը, ով էլ իրականացրել է այդ գործառույթները: Իսկ Կենտրոն հեռուստաընկերության հետ իմ գործակցությունը, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, եղել է ամենօրյա ռեժիմով և այդպես էլ շարունակվելու է: Զուտ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, խորհուրդ կտամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու ապարդյուն ճիգեր այլևս չգործադրել: