Արդեն 5 ժամից ավելի է Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ ուժեղացված ծառայության են անցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության Ապարանի, Արագածի և Սպիտակի հրշեջ փրկարարները։
Մոտ 15 կմ, որտեղ չեն կարողանում տեղաշարժվել 700-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում բեռնատարներ, ավտոբուսներ, պարեկները ծառայություն են անցկացնում անգամ ոտքով, 250-ից ավելի ավտոմեքենաներ պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ձնակույտերից, ցավոք, ավտոմեքենաների մի մասի անվադողերը ամառային էին։