Լատվիացի բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին լրագրողների խմբի հետ 3 օրով այցելել է Արցախ: Eunetwork–ի իր բլոգում նա պատմել է Արցախ կատարած ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին:
«3 օրով լրագրողների խմբի հետ այցելեցի ինձ համար անծանոթ մի երկիր՝ Արցախ, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ: Մեր ուղևորությունն սկսվեց Երևանից: Միկրոավտոբուսի վարորդը փորձառու էր, նա մեզ հաջող տեղ հասցրեց լեռների միջով: Դա իրապես արկածներով լի ճանապարհորդություն էր»,- Արցախի մասին իր հոդվածի առաջին մասն այսպես է սկսում բլոգերը:
Բլոգերը պատմել է նաև Երևանի մասին՝ նշելով, որ այն ջերմ քաղաք է, առավել ջերմ, քան Ռիգան է կամ Բալթյան այլ քաղաք:
«Ես պատրաստվում էի ձմռանը, փետրվարն է, սակայն նույնիսկ մեկ շապիկն ու բաճկոնը բավարար էին: Քաղաքում ջերմ եղանակ էր, և ես կարողացա տեսնել բազմաթիվ ճարտարապետական շենքեր քաղաքի փողոցներում»,- կիսվում է բլոգերը:
Ալեքսեյը գրում է, որ դեպի Արցախ միակ բաց ճանապարհն անցնում է Արարատ բիբլիական լեռով, որը մնում է աջ կողմում: «Արարատը սուրբ լեռ է համարվում: Ըստ հնագույն լեգենդի՝ այնտեղ է իջևանել Նոյյան տապանը»,- նշում է բլոգերը:
Բլոգերը պատմում է, որ արագորեն անցնելով Հայաստանի տարածքը՝ նրանք մտել են Արցախ: «Արցախը գտնվում է լեռներում: Այն կոչվում է «Լեռնային», քանի որ լեռնային բարձունքի վրա է, ամպերից էլ վեր: Պատկերացնո՞ւմ եք»,- կիսվում է Ալեքսեյը:
Բլոգերը պատմում է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, հատկապես՝ երեկոյան Ստեփանակերտի գեղեցկության մասին, որն իր հյուրընկալ դռներն էր բացել իրենց առջև.«Քաղաքը պատերազմից հետո շատ արագ վերականգնվել է: Այնպիսի տպավորություն է՝ կարծես երկնքում ես: Թե ինչու, ասեմ, մենք այստեղ մի բացառիկ երևույթի ականտես եղանք. մշուշն ամպերի հետ ծածկել էր փողոցները: Տեղի բնակիչները սովոր են դրան, դա հեքիաթի էր նման»,- գրում է բլոգերը:
«Սա Արցախն է՝ լեռների և ազատության երկիրը»,- եզրափակում է լատվիացի բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին՝ ակնկալելով ներկայացնել Արցախ կատարած ուղևորության մասին իր պատմության շարունակությունը: