Ներիշխանական պայքար ֆուտբոլի «դաշտու՞մ»
Վաղը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրն է: Թեկնածուները հայտնի են, ֆուտբոլային աշխարհի տրամադրությունները՝ եւս:
Թող ներեն ինձ այդ աշխարհի նվիրյալները, որոնցից յուրաքանչյուրն իհարկե իր ջանքն է գործադրում ավելի լավ հայկական ֆուտբոլային համակարգ ունենալու համար, բայց ֆեդերացիայի նախագահի ընտրությունը Հայաստանում եղել է քաղաքական եւ լինելու է քաղաքական, այլ կերպ ասած՝ իշխանական խնդիր:
Լավ է դա, թե վատ, սա հարցի այլ կողմն է, բայց սա օբյեկտիվ իրողություն է, հաշվի առնելով ֆուտբոլային համաշխարհային համակարգի դերը միջազգային քաղաքականության ֆորմալ եւ ոչ ֆորմալ կառուցակարգերում:
Այդ դեպքում ինչ է ստացվում՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը թատրո՞ն է, կամ՝ Արազ Օզբիլիսն օրինակ թատրոնի մասնակից: Ամենեւին: Չկա թատրոն: Բայց չկա նաեւ այսպես ասած իշխանություն-ընդդիմություն կամ «իշխանություն-ֆուտբոլային աշխարհի մի մաս» պայքար:
Ըստ իս, կա իշխանություն-իշխանություն պայքար, որի շրջանակում է օրինակ Ուրարտու ակումբի ազդեցիկ սեփականատերը մտել ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության դեմ պայքարի: Չեմ կարծում, թե բազմափորձ Չելոյանցը չի պատկերացնում ֆուտբոլային համակարգի հանդեպ քաղաքական իշխանության համակարգի զգայունությունը, այն էլ մեր տիպի երկրներում:
Մեծ հավանականությամբ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցում ներկայիս ինտրիգի խորքում քաղաքական իշխանության տարբեր բաղադրիչների դիմակայություն է:
Այդ առումով ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի առաջ հենց Ուրարտու ակումբ էր այցելել վարչապետի տիկինը: Կարծում եմ, որ այդօրինակ այցերը չեն լինում պատահական կամ պարզապես արարողակարգային: Անցել է անշուշտ մեկ տարի, դրա ընթացքում հոսել են շատ ջրեր, բայց հանգամանքը թերեւս մնում է դիտարկման արժանի:
Ընդ որում, այդօրինակ ներիշխանական դիմակայություններն էլ օբյեկտիվ իրողություններ են թերեւս բոլոր երկրների համար, այստեղ չկա որեւէ առանձնահատկություն, կամ որեւէ երկրում չկա հեքիաթ: Մեծ հաշվով, նաեւ դրանք կարող են լինել իրավիճակ առաջ մղող հանգամանքներ, այն պարագայում, երբ երկրում կայացած չեն ինստիտոււտներն ու ձեւավորված չէ ինստիտուցիոնալ մրցակցության ավանդույթներ՝ լինի քաղաքականություն, ֆուտբոլ, թե արվեստ:
Հակված եմ մտածել, որ պայքարը չի ավարտվի ֆեդերացիայի նախագահի ընտրությամբ:
Ընդ որում, կրկնեմ, սա չի նսեմացնում բուն ֆուտբոլային աշխարհի մասնակիցների մասնագիտական ջանքը: Ավելին, նրանք իրենց ջանքի համատեքստում պետք է կարողանան օգտագործել առաջ շարժվելու հարակից բոլոր հնարավորությունները:
Այդպիսին է կյանքը, այդպիսին է աշխարհը, ոչինչ չի ձեւավորվում «բյուրեղյա տեսականությամբ»:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից