Հուվարի 1-ին կլուծարվի՞ արդյոք Արցախի Հանրապետությունը։ Հարցը, թերևս ամենաշատն է քննարկվում այս օրերին, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին մամուլում շրջանառվեց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ «2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ» բովանդակությամբ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ նախագահի հրամանագրի չեղարկման պաշտոնական տեղեկատվություն լինելու է, քանի որ ակնհայտ հակասահմանադրական հրամանագիրն իր էությամբ առ ոչինչ է։ Այս մասին տեղեկանում ենք MediaHub-ից։
«Նաև Արցախի Հանրապետության նախագահը Երևանում հայտարարեց, որ մեկ անձը չի կարող մեկ ստորագրությամբ լուծարել կամ դադարեցնել համաժողովրդական հանրաքվեով ձևավորված հանրապետությունը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ-ը։
Գեղամ Ստեփանյանն իրավական տեսանկյունից նշել է, որ հրամանագրերն, ըստ էության, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սակայն, որևէ անգամ այդ հրամանագիրն Արցախի իրավական ակտերի դատաբազայում չի հրապարակվել։
«Իրավական տեխնիկայի տեսանկյունից որևէ ձևով նման հրամանագիր չի մտել։ Բայց, ամեն դեպքում, նման հրամանագրի վերաբերյալ տեղեկատվություն տարածվել է, և կարծում եմ՝ չեղարկման վերաբերյալ ևս պետք է լինի։ Իմ գնահատմամբ, հարցը ոչ թե իրավական, այլ ավելի շատ տեղեկատվական դաշտում է, որովհետև ուժի սպառնալիքի տակ նման հայտարարությունը՝ տրամաբանորեն և բնականորեն հանրությունն ակնկալում է դրա չեղարկման և կամ դրա գոյություն չունենալու մասին հավելյալ տեղեկատվություն»,- լրատվամիջոցին ասել է նա։
Ստեփանյանն անդրադարձել է նաև հանրության լայն շրջանում քննարկվող Արցախ հետվերադարձի շուրջ խոսակցություններին։
«Բռնագաղթից հետո ես առիթ ու հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային դերակատարների, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ քննարկումներ ունենալ։ Իհարկե, վերադարձի հետ կապված մենք այլ, իրենք այլ պատկերացում ունեն։ Բայց որ այս թեման չպետք է փակվի, դրանում մեծ անելիք ունենք, սա իմ համոզմունքն է»,- նշել է նա։
Վերադարձի պայմանների մասին տարբեր քննարկումների ժամանակ, հատկապես միջազգային դերակատարներին հետ Արցախի ՄԻՊ-ը բացառել է հետ վերադառնալու դեպքում՝ ադրբեջանական դրոշների, ոստիկանական կամ ուժային կառույցների վերահսկողության ներքո ապրելը, վստահեցրել, որ նման դեպքում որևէ արցախցի չի վերադառնա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։