Search
Close this search box.

Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի մարզադաշտում՝ «Ղարաբաղ»-MOIK ֆուտբոլային խաղից առաջ

Ստեփանակերտի մարզադաշտում «Ղարաբաղ» — «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» (MOIK ) ֆուտբոլային թիմերի հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել՝ հայտարարելով, թե անկախ խաղի արդյունքից հաղթողը հայտի է՝ Ադրբեջանի ժողովուրդն է, Ադրբեջանի պետությունը։

«Ղարաբաղ» և «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» թիմերի այսօրվա խաղը խորհրդանշական մեծ նշանակություն ունի՝ Ղարաբաղ-բանակ-ժողովուրդ միասնությունը մեր հաղթանակի հիմնական աղբյուրն է», — ասել Ադրբեջանի նախագահը և շարունակել, — «4 տարի առաջ ոմանք այս մարզադաշտում հայտարարում էին, թե Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։

«Երեք ամիս առաջ Խանքենդին ազատագրվել է օկուպացիայից՝ մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը։ Այսօր ադրբեջանական դրոշը ծածանվում է ամբողջ Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Սա պատմական մեծ իրադարձություն է», — խոսելով տարածքները հետ բերելու մասին՝ հայտարարել է նա, ասելով, թե ադրբեջանցիներն այստեղ հավերժ ապրելու են։

Ալիևը կրկնել է բամիցս ասված նախադասությունը, թե Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ էր պահում ադրբեջանական տարածքները, մտածելով, թե դրանք հավերժ կպահի։

«Մենք, ադրբեջանական բանակը, ապացուցեցինք նրանց ու ամբողջ աշխարհին, որ սրանք մեր պատմական հողերն են, այս հողերի տերը մենք ենք՝ ադրբեջանական ժողովուրդը։ Մենք պետք է վերադառնայինք այստեղ և վերադարձանք», — ասել է Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտի մարզադաշտում։

Ալիևը երեկվանից էր այցելել պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներ, այսօր Շուշիում ծանոթացել էր շինարարական աշխատանքներին։

Նա կնոջ հետ է ժամանել Ստեփանակերտի մարզադաշտ։ Այստեղ խոսելով նաև վերականգնման աշխատանքների մասին՝ հայտնել է, որ մի քանի ամսից կսկսվի Աղդամի մարզադաշտի ամբողջովին նոր կառուցումը։

Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում նախապատրաստվում էր այսօրվա ֆուտբոլային հանդիպումը Ստեփանակերտի մարզադաշտում անցկացնելու համար։ Նախորոք հայտարարվել էին Բաքվից Ստեփանակերտ ավտոբուսային երթուղիներ կազմակերպելու մասին՝ ֆուտբոլային երկրպագուներին մարզադաշտ հասցնելու համար։ Խաղից առաջ հեռացրել են Արցախի դրոշի գույներով մարզադաշտի աթոռները՝ փոխարենը տեղադրել ադրբեջանական դրոշի գույներով աթոռներ։

Անցած շաբաթ օրը Ստեփանակերտի ճանապարհին վթարի էր ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ վեց մարդ է տուժել, երկուսի վիճակը ծանր է։ Տուժածների թվում էր Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Էլխան Սամեդովը։ Նրանք Ստեփանակերտ էին մեկնում այսօրվա հանդիման նախապատրաստական աշխատանքների համար։

Այսօրվա խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ղարաբաղ»-ի։

Please enter a valid URL