Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է:
Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին զորակոչվելիս հենց հանրապետական հավաքակայանում վիճակահանության ժամանակ առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Ծառայության հետագա հինգ ամիսների ընթացքում Ա. Մ.-ն մշտապես ունեցել է վատ ինքնազգացողություն:
Նրա մայրը որդու իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել 2017թ.-ի հուլիսի 25-ին: Զինծառայողի՝ մինչեւ զորակոչվելն ունեցած բժշկական փաստաթղթերի և անամնեստիկ տվյալների համաձայն՝ զինծառայողի մոտ առկա են եղել մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ժառանգական: Զինծառայողն ունեցել է ինքնավնասման սպիներ` հետայրվածքային սպի, որը ստացել է 9 տարեկանում, ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. 2011 թ.-ից նա հաշվառված է եղել հանրապետական մանկական հոգենյարդաբանական դիսպանսերում և գտնվել է դիսպանսեր հսկողության տակ, ստացել է մշտական դեղորայքային բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ, և խորհուրդ է տրվել հոգեբույժի երկարատև դիսպանսեր հսկողություն։ Ըստ զինծառայողի ծնողի՝ որդին վտանգավոր է եղել ինքն իր եւ շրջապատի համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի օգոստոսի 8-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ զինծառայողի առողջական խնդիրները լուծելու եւ վերջինիս զորակոչի օրինականությունը վերանայելու պահանջով: 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Ա. Մ.-ն փորձաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի 410 հրամանի պահանջների համաձայն, եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչումն իրականացվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ պաշտպանության նախարարի 410 հրամանի պահանջների համաձայն, որի արդյունքում էլ զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել եւ զորակոչվել զինծառայության: Այնուամենայնիվ զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, առողջական վիճակի պատճառով զորակոչիկը վաղաժամ զորացրվել է: