Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է «Մագնիտսկու ցուցակի» հետ կապված թյուրիմացությունը

Հայաստանը չի միացել այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ակտին»։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշեց` ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ:
«ԵՄ խորհրդի` դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի` դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»,– ընդգծեց Բադալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը խմբագրել է իր ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որը վերաբերում էր «Մագնիտսկու եվրոպական ակտին» մի շարք երկրների միանալուն: Դեկտեմբերի 17–ին հրապարակված ցուցակից հանել են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Եվրամիությունը հայտարարել էր Եվրոպական միության կողմից սահմանված պատժամիջոցները (այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ցուցակը») մեկ տարով երկարաձգելու մասին, որոնք սահմանվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:
Ցուցակում ներառվածներին արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները Եվրոպայում սառեցված են։ Բացի այդ, Եվրամիությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել այդ մարդկանց և ընկերություններին։
Այս ցուցակում ընդգրկված են նաև ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը:

Please enter a valid URL