Ես համոզված եմ, որ այս իշխանության մնալու դեպքում շատ ավելի վատ է լինելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
«5 տարուց ավելի շատ բաների մասին խոսվել է, թե այն քայլերը, որոնք արվում են, ուր են տանելու։ Մեծ ցավով արձանագրում ենք, որ դրանց մեծ մասն իրականություն է դարձել, եւ նույնիսկ եղավ ավելի վատ, քան մտածում էինք՝ կարող էր լինել։ Հիմա այս իշխանությունը փորձում է համոզել, որ «այսքան կորուստներ ունեցանք, բայց լավ է լինելու», դա անում էին նաեւ պատերազմից հետո, սակայն ավելի վատ էր լինում, նույնը հիմա են անում, ամեն ինչ կապելով «խաղաղության պայմանագիր» երեւույթին։ Համոզված եմ, որ իրենց՝ իշխանության մնալու դեպքում շատ ավելի վատ է լինելու։ Այստեղ գալուց Գեղամասար գյուղում բնակիչների հետ զրույցի ժամանակ բնակիչներից մեկն ասաց՝ «նենց են ծռել այս ամենը, որ հետ ուղղելուց կարող է ջարդվել»․ ես համոզված եմ, որ այդպես չէ, նախ պետք է չթողնել, որ շատ ծռվի, երկրորդն էլ՝ այդ ամենն ուղղելը առանց ջարդելու՝ ճիշտ մարդկանց, ճիշտ թիմի, նախկինում եղած սխալներն ուղղելու, հետագայում թույլ չտալու միջոցով, հնարավոր է»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Լեւոն Քոչարյանի համոզմամբ՝ այս իշխանության հիմնական զենքը սուտն է․
«Իրենք խնդիր չունեն ստի հետ, ստում են, չեմ ամաչում, ամեն օր մի բան են ասում, ու կարողանում են դա անցկացնել մեծ մասի մոտ, մարդկանց մոլորեցնելով, մարդկանց ոչ իրատեսական բաներ հրամցնելով։ Մեր խնդիրն է՝ձեր օգնությամբ փորձել այս սուտը կոտրել։ Համոզված եմ, եթե կարողանանք այս ստի շղթան կոտրել, ապա մեզ մոտ շատ բան կստացվի»։