Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած հնարավոր կլինի մաքսազերծել նաև մայրաքաղաք Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում, Վանաձոր քաղաքի Արևելյան մաքսատուն-վարչությունում և Սիսիան քաղաքի Հարավային մաքսատուն-վարչությունում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Երևանի Իսակովի 10 հասցեում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում՝ «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ, Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95, «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, Երևան, Շիրակի փողոց 43:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Կառավարության նոյեմբերի 30-ի որոշմամբ նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ Հայաստանի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կմաքսազերծեն դրանք:
«Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40 տոկոսի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70 տոկոսի չափով: […] Շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60 տոկոսը, 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30 տոկոսը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը», — ասված է հաղորդագրությունում: