Եկող տարվա փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ «Խանքենդիում առաջինը քվեարկող18 տարին լրացած ադրբեջանցի ընտրողը կմտնի Ադրբեջանի պատմության մեջ»: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:
Տվյալ ընտրողին, ինչպես նաև «ազատագրված շրջաններից, Խանքենդիից, Խոջալուից առաջինը տեղեկատվություն ներկայացնող լրատվամիջոցին կշնորհվի հատուկ պարգև», — Caspianlive-ի փոխանցմամբ՝ նաև ասել է Փանահովը:
Երկու ամսից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը Ադրբեջանի ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 7-ին: Իշխող «Ենի (նոր) Ազերբայջան» կուսակցությունն արդեն առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։