Պարզվել է, թե այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցածի պատճառը, երբ երեխաների մոտ հազ էր սկսվել, նրանց տարհանել էին, մի քանիսին տեղափոխել էին հիվանանոց:
Դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Պարզվեց աշակերտներից մեկը բալոնչիկով պերցովկա է փչել 2-րդ եւ 3-րդ հարկի միջանցքներում, քամին տարել է դասասենյակներ, եւ քանի որ գրիպային վիճակները շատ են երեխաների մոտ, սկսել են ակտիվ հազալ:
Ես հայտարարել եմ տարհանում, երեխաներին դուրս ենք հանել: Մենք չգիտեինք՝ պատճառն ինչն է, կարող էր ամեն ինչ էլ լինել, կարող էր շմոլ գազ լինել, ինչ-որ բան պայթած լիներ: Բայց քանի որ ոչ պայթյուն կար, ոչ հոտ կար, դա էր տարօրինակ:
Ոստիկանների աշխատանքի շնորհիվ իմացանք պատճառը, այդ երեխան էլ ինքնախոստովանանք գրեց:
Այնքան էլ լավ երեխա է, չգիտեմ՝ ինչի է նման անիմաստ բան արել: Այդ հարկում եղել են նաեւ իր քույրիկը, հորեղբոր աղջիկը: Պատկերացրեք՝ ինչքան չմտածված քայլ է արել: 10-րդ դասարանի հիմար դեռահաս, ի՞նչ ասեմ: ընդ որում, մենակ է եղել: Հիմա ծնողի եւ իր հետ ոստիկանության բաժանմունքում ենք:
Դա, ասում են՝ պարեկներն են օգտագործում անհնազանդների նկատմամբ: Ասում է՝ գտել եմ Երեւանից:
Լավն այն է, որ ասում են՝ դա թունավորում չի առաջացնում, գրգռում է, հազ է առաջացնում: Սեւ բիբարի էֆեկտ է, երբ քթի մեջ է ընկնում»:
Նա հավելեց, որ մի աղջկա, որը սրտի խնդիր ունի, ինքն է ասել՝ շտապօգնության մեքենա կանչեն. «Հիմա բոլորն էլ լավ են, երեքին անմիջապես դուրս են գրել: Շնորհակալ եմ ոստիկաններից, մեր կողքի բուժարանի աշխատողներից»:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում. Մուսալեռի ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: