Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին անգամ Բաքվի հետ սահմանազատման գործընթացը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարեց, որ այսպիսով հաստատվում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ–ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

«Հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ են որոշվելու նիստերի անցկացման վայրն ու ժամը։ Նիստերը հաջորդաբար անցկացվելու են ՀՀ–ի և Ադրբեջանի տարածքներում կամ սահմանին, կամ 3–րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանձնաժողովի բոլոր մասնակիցների համար նիստի անցկացման երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ և կապահովվի անվտանգությունը»,– ընդգծեց փոխնախարարը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։
«Հաջորդ փուլում մշակելու ենք մեկ այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի ու որով նաև մեթոդաբանությունն ենք նկարագրելու, սահմանելու, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով։ Այս մեթոդաբանությունը մշակելուց հետո աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերի ու տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով»,– նշեց փոխվարչապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ևս այսօր համարժեք որոշում է ընդունելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ առաջին անգամ սահմանազատման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա։
«Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային»,– ընդգծեց նա։

Ըստ վարչապետի` այսպիսով հնարավորինս կակտիվանան սահմանազատման ուղղությամբ աշխատանքները այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն իսկ հրապարակվել են։

Please enter a valid URL