Lragir-ը գրում է․
Գլխավոր եվրաթափոններից մեկը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայերի դեմ քարոզչական պատերազմի թիվ 1 ալիք Ազատություն ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում, եւ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։
«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն։ Մենք շատ ենք շփվում Ադրբեջանի նախագահի հետ այս թեմայով, որպեսզի փորձենք համոզել Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ նրանք ցանկանում են պաշտպանել փոքրամասնություններին և երաշխավորել, որ միջազգային չափանիշները պահպանվեն: Սա է քաղաքական բանավեճը, որ ունենք, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել ԵՄ-ի համար գերակա հարցում», ասել է Շառլ Միշելը (ընդգծումները Լրագրի):
Այսինքն, Եվրամիության գործադիր ղեկավարությունը հանձնառու է մաքրել Ալիեւի արյունալի ռեժիմը հայ ժողովրդի եւ առհասարակ մարդկայնության դեմ հանցագործություններից, լեգիտիմացնել դրանք եւ համապատասխանեցնել «միջազգային չափանիշներին»։ ԵՄ-ի համար դա է գերակա հարցը։
Ինչ է ասում գլխավոր եվրաթափոնը նախկինում եւ հիմա․ եվրոպական արժեքները Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքի մերժումն է՝ 4 տարի առաջ Փաշինյանի ագենտուրային առաքելության համար սահմանված 2,5 միլիարդ եվրո վճարով։ Եվրոպական արժեքները Բաքվի ցեղասպան գործողությունների, Արցախի բնիկ մեծամասնության արտաքսման «լեգիտիմացումն» է։ Եվրոպական արժեքները իրենց նախնիների հողից, իրենց սեփականությունից մարդկանց զրկելն է, ամբողջ ընտանիքների, երեխաների սպանությունները։ Եվրոպական քաղաքական համայնքի նիկոլական նշաձողը ռուս-թուրքական ծրագրերի աջակցությունն է, ռուսական ագենտ Փաշինյանի հակաժողովրդավարական ու հակաժողովրդական իշխանությանն աջակցությունը։
2022-ի հուլիսին Բաքվի հետ գազային գործարքից հետո Եվրոպական միության գործադիր մարմինները «մոռացան» Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւերը երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի կարգավորման եւ կարգավիճակի քննարկման վերաբերյալ։ Ըստ այդ գործարքի, որ ստորագրել են Ալիեւը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Բաքվից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի Եվրոպային մատակարարելով 20 մլրդ խմ-ից ոչ պակաս գազ:
Բաքուն գազի այդ ծավալի կեսն էլ չունի: Եվրամիությունը, խախտելով իր իսկ սահմանած պատժամիջոցները, Բաքվով ներմուծում է ռուսական գազ: Եվրոպայում, բնականաբար, քաջատեղյակ են, որ սնվում են իբր արգելյալ ռուսական գազով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները բազմիցս բարձրացրել են այս հարցը, հրապարակումներ են արվել միջազգային առաջատար մեդիայում, մատնանշելով նաեւ հնարավոր կոռուպցիան Բաքվի հետ գործարքի կապակցությամբ։ Ուղղակի նշվում է գազային «ատկատի» գլխավոր շահառու տիկին Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անունը: Իրողությունը կոծկելու շուրջ է ոչ միայն տիկին Ուրսուլայի, այլ եւ Միշել-Բորել անբաժան զույգի հայկական տրնգին:
Նիկոլն ու Ուրսուլան, Մյունխեն 2023. Փաշինյանը տալիս է Արցախյան ցեղասպանության դոբրոն
Ինչ էր մնում Միշել-Բորել-ֆոն դեր Լյայեն եւ այլ եվրաթափոններին՝ Եվրամիության հիմնարար արժեքները ոտնատակ տալու, Արցախի ցեղասպանությունը «լեգիտիմացնելու» վճարված առաքելության պարագային՝ հղում Պուտինի՝ «Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից ազերբայդժանի տարածք է» բարբաջանքին, Պուտինի ագենտ Նիկոլի բանավոր հայտարարությանը, Պուտինի մյուս ագենտ Ալիեւի սահմանադրությանը։ Այսինքն, Պուտին-Փաշինյան-Ալիեւ ցեղասպան եռյակի հայտարարությունները փոխարինում են միջազգային իրավունքին եւ Եվրոպայի հիմնարար արժեքներին։ Միջազգային ճանաչված պայմանագրերին, փաստաթղթերին, քարտեզներին հղումներ չկան: Որովհետեւ նման փաստաթղթեր ու քարտեզներ չկան, Արցախը ազերբայդժանի տարածք չէ ոչ մի փաստաթղթով։
1204 թվականի իր հայկական ակունքը «չմտապահող» Եվրոպան, որ խորքի մեջ այդպես էլ չանսաց հայկական պատգամին ու չթոթափեց անտառաբնակի բարբարոսությունը, դեռ հանցակիցներով պատասխան է տալու Արցախում թափված հայ արյան եւ պղծված սուրբ մասունքների համար: Ամեն ինչ ժամին եւ հերթին եւ կարգով: Մենք կհետեւենք դրան: