Թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։ Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, անդրադառնալով դիտարկմանը, թե ո՞րն է մտավախության հիմքը, որ արևմուտքից շարունակ զգուշացումներ են տրվում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ:
«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը», — ասել է Միշելը։
Չնայած տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու արևմուտքի ջանքերին՝ փաստացի, Եվրամիության ու Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները վերջին մեկ ամսվա ընթացքում դադարել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկը մյուսի ետևից արդեն երեք հանդիպում է մերժել՝ տարբեր պատճառաբանություններով։
«Տպավորություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը և մոլորեցնում է ձեզ», — «Ազատության հարցին Միշելն արձագանքել է՝ Բրյուսելը լավատես է, և «շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը»։
Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել։