Վերջին օրերին քննարկումների կենտրոնում է երիտասարդ երգչուհի Մարիամ Բաղդասարյանը, ով մասնակցել է կանադական «Ձայնը» նախագծին՝ հիացնելով մարզիչների բոլոր 4 անդամներին` աշխարհահռչակ կատարողներ Լարա Ֆաբիանին, Գարուին, Էրիկ Լապուանտին և Ալեքս Նևսկիին: Մարիամը նույն երգով նախորդ տարի մասնակցում էր հայկական «X-Factor» նախագծին, որտեղ թեպետ ժյուրիի չորս անդամները դարձյալ հիացած էին նրանով, սակայն նախագծի սկզբնական փուլերում նրան դուրս թողեց իր մարզիչը` Էրիկը:
Մարիամին անդրադարձել է նաև հեռուստա և ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը և իր ֆեյսբուքյան էջում Ժակի հետ երկխոսության տեսքով գրառում կատարել:
«Jack Hakob Papikyan էս էն աղջիկն ա,որ անցած տարի ասում էի Վահագը նոր գոռիկ ա գտել, էլի կյանքս ուտում ա, հիշում ես? Որ #KamiFriendsProject-ում էր երգում, եվրավիժն էինք ուզում և այլն , հետո գնաց Կանադա ։)))))) նայի ինչ ա անում ։)) ասեց֊ ես Հայաստանից եմ, բարև ։))) լավն էր. ճիշտ ընտրություն արեց». Սա Լուսինեի գրառումն է, որը երկու հետաքրքիր նրբերանգներ է պարունակում իր մեջ, ինչը չի վրիպել նաև օգտատերերի աչքից, որոնց շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Լուսինե Բադալյանի հետ:
Շատերն են տեղյակ, որ Լուսինեի ամուսինը` Վահագն Գևորգյանը, տարիներ առաջ հանդիսանում էր երգիչ Գոռ Սուջյանի պրոդյուսերը: Նրանք և Լուսինեն այդ թվում բավականին մտերիմ էին, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով, նրանք ոչ միայն դադարեցին իրենց համագործակցությունը, այլև շփումը: Life.panorama.am-ը Լուսինեի հետ զրույցում հետաքրքվեց, թե արդյոք իր գրառման մեջ Գոռ Սուջյանի անունը փոքրատառով գրելով` նա որևէ ակնարկ է փորձել անել, որին հաղորդավարուհին պատասխանեց.
«Այդ քայլով ես բնավ չեմ ուզել ինչ-որ կերպ վիրավորել Գոռին: Եթե ես մեծատառով գրեի, դա կնշանակեր, որ ես հենց տվյալ մարդուն եմ մատնանշում, սակայն այդպես ես նկատի եմ ունեցել որպես երևույթի: Այսինքն` տարիներ առաջ Գոռին հենց ամուսինս բերեց ասպարեզ ու դարձրեց Գոռ Սուջյան, նույնը անցյալ տարի փորձեց անել Մարիամի հետ, սակայն վերջինս մեկնեց Կանադա: Երբ տարիներ առաջ ամուսինս չլինելով պրոդյուսեր` Գոռին գտավ ու բերեց ասպարեզ, այդ ժամանակից հետո, երբ ինչ-որ մեկը մի անհայտ մարդու դարձնում է հայտնի երգիչ, մենք ընկերներով ասում ենք «Գոռիկա գտել», այսինքն` դա որպես երևույթ ենք ընկալում: Հետևաբար Գոռին նվաստացնելու դիտավորություն չեմ ունեցել»,- նշեց նա:
Հարցին, թե Գոռ Սուջյանի հետ ինչպիսի հարաբերությունների մեջ է, Լուսինեն պատասխանեց.
«Գոռն ու ամուսինս շարունակում են շփվել իրար հետ: Սակայն ես ունեմ բնավորություն`ինձ շատ դժվար է հունից հանել, նաև դժվար է այնպես անել, որ սիրելի մարդկանցից հիասթափվեմ, բայց եթե հիասթափվում եմ դա ընդմիշտ է և վերջ: Գոռի հետ թշնամական հարաբերություններ չունեմ, բայց միայն հեռվից եմ նրա արվեստը գնահատում»:
Անդրադառնալով Մարիամ Բաղդասարյանին և նկատելով, որ Լուսինեի գրառման ներքո շատերը դարձյալ հեգնելով հիշել էին Էրիկին, ով չընտրեց Մարիամին, մինչդեռ աշխարհահռչակ երգիչները հիացած էին նրա ձայնով, Լուսինեն նկատեց.
«Նախ ասեմ, որ Մարիամին ծանոթ եմ ամուսնուս միջոցով, ով մեծ ցանկություն ուներ աշխատել նրա հետ, սակայն կարճ ժամանակ անց Մարիամը մեկնեց Կանադա: Ընդ որում, մեկնել է ոչ թե նրա համար, որ հիասթափված է մեր երկրից կամ Էրիկից, այլ պարզապես մեկնել է ուսման նպատակով: Ինչ վերաբերվում է մեկնաբանություններին, պետք է ասեմ, որ Մարիամը, այո, շատ լավ էր երգում «X-Factor»-ում, սակայն այն, ինչ արեց կանադական «Ձայնում», դրանք խիստ տարբեր բաներ էին: Հիմա քննադատել Էրիկին, սխալ է, պետք չէ ծայրհեղությունների մեջ ընկնել: Կարիք չկա Էրիկին հիմա դարձնել ազգի թշնամի միայն նրա համար, որ անցյալ տարի չի ընտրել Մարիամին: Ամեն դեպքում, այն ժամանակվա և հիմիկվա Մարիամը շատ տարբեր են»:
life.panorama.am