Search
Close this search box.

Հայ գերեվարված զինծառայողներն արդեն Հայաստանում են. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, թե երբ նրանք կլինեն իրենց հարազատների մոտ

Հայ գերեվարված զինծառայողներն արդեն Հայաստանում են, քիչ առաջ հայտնեց վարչապետը։

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, գրեց Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նաև նրանց անունները։

Ըստ Փաշինյանի՝ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն, ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ:

Այսօր ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն փոխվել։

«Երկու բաղադրիչ կար՝ գերիների փոխանակություն՝ ազատ արձակում, և կար կլիմիայի այդ կոնֆերանսի կոմպոնենտը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ, և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը», — ասել էր նա։

Նախօրեին հայտարարվեց, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Երկու երկրները պայմանավորվել էին, որ Հայաստանը կհրաժարվի միջոցառումը հյուրընկալելու իր հայտից։

Կեսօրին ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու այսօր՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։ 32 գերիների փոխարեն Հայաստանը Բաքվին է հանձնել զինծառայողներ, 11 տարվա ու ցմահ դատապարտված Ագշին Բաբիրովին ու Հուսեյն Ախունդովին։ Վերջինս ազատազրկված է «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար։

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում նաև պատգամավորներն անդրադարձան գերիների փոխանակման հարցին։

Իշխանական, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանը ևս հաստատեց՝ պայմանավորվածությունը չեղարկելու որևէ ազդակ Բաքվից չեն ստացել։ Փոխանակման հապաղման պատճառը, ըստ պատգամավորի, կազմակերպչական հարցերն էին։

Please enter a valid URL