Search
Close this search box.

«Քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը». Միրզոյան

Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։
«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն, կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ վստահության ստեղծման ճանապարհին այս պայմանավորվածություններից զատ քննարկվում են նաև մյուսները, օրինակ, գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Այս հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։
«Եթե նկատել եք`երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։ Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»,–ասաց Միրզոյանը։

Նա հույս հայտնեց, որ նման փոխադարձ քայլերը դրական ազդեցություն կունենան հարաբերությունների կարգավորման վրա։
Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, հիմնական գործընթացը խաղաղության պայմանագրի բանակցություններն են։ Դրա համար Ադրբեջանը, նրա կարծիքով, պետք է վերադառնա բանակցային սեղան, հանդիպումների ձևաչափ։

«Գործի մեծ մասն, ըստ էության, արված է, եթե խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին։ Հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների հետ կապված»,- ասաց Միրզոյանը։

Բանակցությունների ձևաչափի վերաբերյալ նա նշեց, որ դրանք պետք է շարունակվեն միջազգային դերակատարների միջնորդությամբ, քանի որ ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի քաղաքական կամքը։

Հավելենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպել հայկական կաղմի հետ։ չեղարկվել են նախապես պայմանավորված Բրյուսելում և Գրանադայում կայանալիք հանդիպումները։

Please enter a valid URL