Search
Close this search box.

Բաքվում դեռևս հայ գերիներ կմնան. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Ալեն Սիմոնյանի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան:

Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:

Նրա խոսքով՝ Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են:

Please enter a valid URL