«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը՝ Նաիրա Հակոբյանին, պետք է հարցաքննել։ Դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ նա հարցաքննվել է, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին՝ այս պահին դեռ չի հարցաքննվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետեւանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին Գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության՝ 2023 թ.-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետեւանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշենք՝ ըստ «Հետք»-ի՝ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ Պարզվել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում