Search
Close this search box.

Երեւանի առաջարկները Բաքվին․ Փաշինյանը ստորագրել է պետականության վերացման ակտը

Դեկտեմբերի 6-ին, երբ Երեւանը Բաքվին էր փոխանցել «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իր վերջին առաջարկները, Ալիեւը «ծրագրային» ելույթ ունեցավ եւ թվարկեց այն պայմանները, որոնց իրականացման դեպքում հնարավոր է պայմանագրի ստորագրումը։ Ռեւանշը պետք է բացառվի, հայերը պետք է մոռանան Լեռնային Ղարաբաղի մասին, բացել միջանցքներ, ապահովել «ադրբեջանցի փախստականների վերադարձը եւ նրանց իրավունքներն ու անվտանգությունը»։ Հայաստանը լավ հարեւան պետք է դառնա, որ չկորցնի իր ինքնիշխանությունը, ասել է Բաքվի հանցախմբի պարագլուխը։

Ալիեւի այս ելույթին հետեւեց Երեւանի եւ Բաքվի համատեղ հայտարարությունը, որը Ալիեւի հիշատակած երաշխիքների, ըստ այդմ՝ Նիկոլ-քպ-ի կողմից Հայաստանի պետականության վերացման եւ Հայաստանը Բաքվի լիարժեք վերահսկողությանը հանձնելու առաքելության հռչակագիրն է։

Հայաստանյան թող ներվի ասել քաղաքական դասի եւ մեդիա-քաղաքագիտության մեջ շարունակում է գերիշխել այն տեսակետը, թե Ալիեւը մշտապես նոր պահանջներ ու պայմաններ է թելադրում, իսկ Նիկոլը միշտ համաձայնում է։ Իրականում պատկերը հակառակն է՝ մեր ազգընտիր ստահակն է թելադրողի դերում, եւ դրանում համոզվելու համար բավական է ընդամենը հետեւել Փաշինյան-Ալիեւ դուետի ելույթների ներդաշնակ բովանդակությանը եւ դրանց «հերթականությանը»։ Սխեման հետեւյալն է՝ Նիկոլը շինծու գանգատներով ու նվնվոցներով թվարկում է Բաքվի «պահանջները», որից հետո Ալիեւը հաստատում է դրանք։ Այնուհետեւ դրանք արձանագրվում են Երեւանի առաջարկներում։

Պետք է հասկանալ, որ Ալիեւը չի կարող հայտարարել կամ պահանջել մի բան, որի տակից հետո չի կարողանալու դուրս գալ։ Իսկ երաշխավորը ոչ թե Մոսկվան, Վաշինգտոնը կամ Անգորան են, այլ հենց Երեւանը․ առանց Երեւանի երաշխիքների ու առաջնորդության Ալիեւի որեւէ պահանջ անհնար է։

Փաշինյան-Ալիեւ դուետը Փաշինյանի առաջնորդությամբ հետեւողական իրականացնում է Հայաստանի պետականության վերացման ծրագիրը։ Փաշինյանի բոլոր ելույթներն ու քայլերը այդ առաջնորդության շրջանակում են։ «Խաղաղության պայմանագրի ձգձգումը, առաջարկների պարբերաբար փոխանակումն» իրականում քայլ առ քայլ հայ հանրությանն այս ծրագրին համակերպելու, Ալիեւի հանցագործությունները միջազգային դատարաններում կոծկելու, Հայաստանի պետականության վերացման ծրագիրը միջազգային ատյաններում լեգիտիմացնելու մեխանիզմ են։

Ինչի մասին խոսում է Նիկոլը, նշանակում է դա արդեն համաձայնեցված է իր կողմից՝ Արցախի հարցի փակում, ՀՀ տարածքի օտարում միջանցքներով ու անկլավների շրջանով, «ադրբեջանցի փախստականների վերադարձ եւ նրանց իրավունքներ ու անվտանգություն»՝ սկզբի համար ինքնավարության որոշակի աստիճանով։ «Որպեսզի Հայաստանը չկորցնի իր ինքնիշխանությունը»։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Նիկլի ու քպ տականքի կողմից «Հայաստանի անկախ պետականություն, ինքնիշխանություն» արտահայտությունների հաճախակի կիրառումը եւ ՀՀ Անկախության հռչակագրի, Սահմանադրության, պետական խորհրդանիշների, դասագրքերի, «նոր մոդելի հայրենասիրության» վերաբերյալ դատողությունները։

«Հայաստանի ինքնիշխանությունը» Նիկոլ-քպ-ի առաջնորդությամբ ՀՀ վրա Բաքվի լիարժեք տնտեսական, քաղաքական եւ ռազմական վերահսկողությունն է հայերի տարագրմամբ եւ փոքրաթիվ սպասարկու համայնքի գոյության հանդուրժումով, «եթե ցանկանան մնալ»։ Այն, ինչ բոլորը տեսան Արցախում, բայց ներքուստ հույս ունեն, թե «Արցախը կապ չունի Հայաստանի հետ»։

Երեւանի եւ Բաքվի համատեղ հայտարարությունը Հայաստանի պետականության վերացման ակտն է։

Lragir.am

Please enter a valid URL